Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի քաղաքապետը կընտրվի նոյեմբերի 11-ին. «Մեր օպոնենտների թիմերում անվստահություններ կան». Մեղրիի քաղաքապետի ԺՊ

Մեղրիի քաղաքապետը կընտրվի նոյեմբերի 11-ին. «Մեր օպոնենտների թիմերում անվստահություններ կան». Մեղրիի քաղաքապետի ԺՊ
Քաղաքականություն
18:48, 09 ноябрь 2021
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի որոշմամբ՝ նոյեմբերի 11-ին կկայանա ավագանու առաջին նիստը, որտեղ էլ կընտրվի Մեղրիի ապագա քաղաքապետը։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում դեռևս հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով չորս քաղաքական ուժեր ստացան ավագանու անդամի մանդատներ՝ «Ազատական» կուսակցությունը հավաքել է ձայների 14,39 տոկոսը, 2 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 42,87 տոկոսը, 6 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ 9,79 տոկոսը, 2 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 32,90 տոկոսը, 5 մանդատ:  

Civic.am-ը Մեղրի համայնքի ղեկավարի ընտրության և քաղաքական ուժերի կոալիցիա կազմելու հարցերի շուրջ զրուցել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի հետ: 

- Պարոն Թումանյան, բավական իրարամերժ իրադարձություններ հաջորդեցին Մեղրու ավագանու ընտրությանը, ինչպե՞ս է կազմակերպվելու համայնքի ղեկավարի ընտրությունը:


- 4 քաղաքական ուժերի կողմից, որոնք համայնքապետ առաջադրելու ցանկություն ունեն, ներկայացվելու են թեկնածուներ: Մանդատներ ստացած ավագանու անդամները լինելու են 15 հոգի, և քվեարկող ձայների մեծամասնությամբ՝ այս պարագայում 8 ձայնը կհամարվի 50-ն անց տոկոս, և այդքան ձայն ստացած թեկնածուն կհամարվի առաջադրված որպես համայնքի ղեկավար: Նույնիսկ 1 մանդատ ունեցողը կարող է առաջադրվել, եթե վերցնենք, որ երկու մանդատ ունեցող քաղաքական ուժի ավագանու անդամներից մեկը հրաժարվում է այդ կուսակցությունից կամ դաշինքից և դառնում է ավագանու անկախ անդամ, ինքը ևս կարող է առաջադրվել: Ինչպես մի քանի օր առաջ կարդացինք «Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գրությունը՝ այդ կուսակցությունից Մեղրիում առաջադրվողներից ոչ մեկը չի ունեցել կուսակցական պատկանելություն այդ պահի դրությամբ:    

- Այսինքն՝ «Ազատական» կուսակցության անունից առաջադրվածներն արդեն իսկ հանդես են գալիս որպես ավագանու անկախ անդամներ:

- Ստացվում է այդպես՝ ըստ Սամվել Բաբայանի տված տեղեկատվության: Նրանք երկու հոգի են և 100 տոկոսով չեն պատկանել «Ազատական» կուսակցությանը: Այս մասին Սամվել Բաբայանը 3-4 օր առաջ էր հայտարարել, թե հետո ինչ կորոշեն՝ չեմ կարող ասել, բայց օրենքը թույլ է տալիս և իրավունքի հարթությունում բողոքարկման ենթակա չէ, քանի որ միայն բարոյական մաս է կրում:

- Ինչպե՞ս եք դիտարկում «Ազատական» և «Հանրապետություն» կուսակցությունների կազմած կոալիցիան: 


- «Ազատական» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները՝ «Ազատական»-ից՝ 2 և «Հանրապետություն» կուսակցությունից 6 ներկայացուցիչներ, հուշագիր են ստորագրել: Իհարկե, դա իրավաբանական որևիցե ուժ չունի, որովհետև դա որևէ պետական կառույցում չի գրանցվում, և ներքին պայմանավորվածություն է: Բայց սա ընտրողներին խաբել է նշանակում, որովհետև ամեն քաղաքական ուժ գալիս է իր քարոզարշավով, իր ծրագրերով, և այդ ծրագրերը պետք է հնգամյա պլանային ներդրում ունենան, և այս իմաստով «Ազատական» և «Հանրապետություն» կուսակցությունների ծրագրերը ամբողջությամբ տարբերվում են իրարից՝ մի կետ անգամ չկա, որ համընկնի մյուսի ծրագրի հետ: Այսինքն՝ եթե հինգ տարում պետք է ծրագրերի իրականացում լիներ, այս պարագայում ստացվում է 2,5 տարում մի կուսակցությունն է իրականացնում իր ծրագիրը, մյուս 2,5 տարում՝ մյուս կուսակցությունը, ինչը հնարավոր չէ: Այդ քաղաքական ծրագրերը նույնիսկ 5 տարում հնարավոր չէ ամբողջությամբ իրականացնել: Իսկ իրավական մասով ստացվում է, որ 2,5 տարի հետո «Հանրապետություն» կուսակցությունից ընտրված համայնքապետը՝ Բագրատ Զաքարյանը, իր տեղը զիջելու է «Ազատականին»՝ Խաչատուր Անդրեասյանին, այսինքն՝ ավագանու անդամներն անվստահություն են հայտնելու և ընտրելու են «Ազատական»-ից համայնքապետ: Սա իշխանափոխություն է համարվում, և իմ կարծիքով՝ իրավապահ մարմինները պետք է այս հարցին ուշադրություն դարձնեն: ...Հիմա բանակցային խմորումներ են տեղի ունենում, մեր օպոնենտների թիմերում անվստահություններ կան, «Հանրապետություն» կուսակցությունից  Բագրատ Զաքարյանն ու «Ազատական» կուսակցությունից Խաչատուր Անդրեասյանը այդքան էլ այդ կուսակցությունների մոլի ջատագովներ չեն հանդիսանում, նրանք վերջերս են միացել այդ կուսակցություններին: 

- ՔՊ-ն որոշե՞լ է արդեն, Ձեր թեկնածությո՞ւնն է առաջադրելու որպես Մեղրի համայնքի ղեկավար: 

- Միանշանակ: 

- Իսկ եթե չընտրվեք, մնալո՞ւ եք ավագանու կազմում: 


- Իհարկե: Ինձ համայնքի ղեկավարի պաշտոնը շատ քիչ է հետաքրքրում, ինձ ավելի շատ հետաքրքրում են ՔՊ-ի սկզբունքները: Մեղրիի ժողովրդի տրամադրությունը լավ է, դրանք դեռևս հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին արտացոլվեցին: Իսկ ՏԻՄ ընտրություններին ուրիշ գործոններ են ազդեցություն ունեցել՝ բարեկամ, քավոր, սանիկ: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավը սկսելուց մեկ ամիս առաջ ընկել էին դռնեդուռ, մարդկանց խաբում-ասում էին՝ մեր Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը նույնն են, ընտրելով մեզ՝ դուք էլի ընտրում եք Փաշինյանին, իրենք լավ ընկերներ են, ժողովրդական լեզվով ասած, ասում էին՝ մենք էլ ենք դաբրո ստացել: Եվ խեղաթյուրում էին այն հանգամանքը, որ «Ելք կա»-ի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը միասին էին:  Բայց ես ուզում եմ նշել, որ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներից ոչ մեկը արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանին սատար չի եղել:

Նարա Մարտիրոսյան