Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը թող ասի՝ պատռելու եմ իմ ընկեր Պուտինի գրած նոյեմբերի 9-ի թուղթը․ թե՞ իր դուխը ՀՀ-ից դուրս չի հերիքում․ Նորայր Նորիկյան. factor.am

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Պարո՛ն Նորիկյան, խորհրդարանական ընտրություններից մոտ 5 ամիս անց Ռոբերտ Քոչարյանի ուժը Ազատության հրապարակում այսօր հանրահավաք է անցկացնում՝ իշխանափոխության օրակարգով։ Հայտարարում են, թե այս հավաքը Հայաստանի թրքացման, Արցախի հայաթափման և գանձագողության դեմ է, և մտադիր են ձևավորել դիմադրություն և հասնել իշխանափոխության։ Ի՞նչ կասեք այս լոզունգների մասին։

-Անձամբ ես դեմ եմ թրքացմանը, բայց ես դեմ եմ նաև ռուսացմանը, եվրոպացմանը, ամերիկայացմանը, ես հանդես եմ գալիս ՀՀ-ի շահերից։ Երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է Հայաստանի թրքացումից, այդքան քաղաքական խիզախություն ունի՞ խոսելու, որ նույն հարաբերակցությամբ Հայաստանը նաև ռուսականացվում է, թե՞ Ռոբերտ Քոչարյանը դուխը հերիքում է մենակ Հայաստանի սահմաններում խոսել։ Ի՞նչ չի անում Նիկոլ Փաշինյանը, որ պիտի անի Քոչարյանը։ Թող ցույց տա ճանապարհային քարտեզը, թող ցույց տա, ասի, որ ինքը գալու է և պատռելու է իր ընկեր Պուտինի կողմից կազմված նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

-Ըստ ՀՀ Սահմանադրության՝ իշխանությունը փոխվում է ընտրությունների միջոցով։ Ամիսներ առաջ 20 տոկոս ձայն է ստացել Քոչարյանի ուժը, 54 տոկոս՝ ՔՊ-ն և 10-ից 15 տոկոս՝ ուժեր, որոնց ընտրողները ոչ մի պարագայում Քոչարյան չէին ընտրի՝ Ձեր ուժն է, Դավիթ Սանասարյանինը, Արամ Սարգսյանինը, ԼՀԿ-ն է, Բաբաջանյան-Շիրինյանի դաշինքը և այլն։ Ինչի՞ վրա կարող էր հույս դնել երկրորդ նախագահը։

-Դուք կհիշեք, որ հայտնի ասուլիսում Քոչարյանն ասում էր՝ մեկուկես տարի հետո ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ես կարծում եմ՝ իշխանափոխության վարկածը կամ հեռանկարը իրենք պայմանավորում են հետևյալ երկու պատճառաբանությամբ․ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում վարչապետի ընտրվելուց մեկ տարի հետո որևէ մեկը սահմանադրական իրավասություն չունի նրան անվստահություն հայտնելու։ Այսինքն՝ առնվազն մյուս տարվա հունիս-հուլիս ամիսներին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ նրան անվստահություն հայտնելու սահմանադրական հիմքերը բացակայում են։ Միգուցե, մտադիր են մեկ տարի հետո գեներացնել վարչապետին անվստահություն հայտնելու գործըթնաց։ Երկրորդ հանգամանքն աշխարհաքաղաքական տիրույթով է պայմանավորված։ Նրանք սպասում են, որ մեկուկես տարում Նիկոլ Փաշինյանի ուժը փակելու է արցախյան ցիկլը՝ ապաշրջափակում, դեմարկացիա և դելիմիտացիա, այն, ինչ դրված է Հայաստանի վրա՝ «Մավրն արեց իր գործը, Մավրը պետք է հեռանա» տրամաբանությամբ, որ կավարտվի Նիկոլ Փաշինյանի առաքելությունը։ Ուրիշ տրամաբանություն չկա։ Եկեք անկեղծ լինենք, Ռոբերտ Քոչարյանը երբեք Հայաստանում իշխանության գալու գործընթացում չի ապավինել հասարակության վստահությանը։