Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սփյուռքը արժանի չէ՞, որ վարչապետը հանձնակատար նշանակի համայնքներում. Դուք նսեմացնում եք Սփյուռքի դերը ՀՀ-ի համար. Զարեհ Սինանյանը՝ Աղվան Վարդանյանին

Սփյուռքը արժանի չէ՞, որ վարչապետը հանձնակատար նշանակի համայնքներում. Դուք նսեմացնում եք Սփյուռքի դերը ՀՀ-ի համար. Զարեհ Սինանյանը՝ Աղվան Վարդանյանին
Քաղաքականություն
14:58, 10 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: 

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, ասաց. «Առաջարկվում է ընդլայնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով»:

Պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ ռեսուրսներին առնչվող հարցին, Զարեհ Սինանյանը ընդգծեց. «Իսրայելը իր Սփյուռքի հետ, որը շատ չնչին չափով է մեծ հայկական Սփյուռքից, մոտ 370 մլն դոլարանոց բյուջե ունեն, չհաշված իրենց ոչ պետական միջոցները, որ ստանում են տարբեր հիմնադրամներից»:

Ուստի, նրա խոսքով, որքան էլ միջոց հատկացվի Սփյուռքի հետ հարաբերություններին, միևնույն է՝ բավարար չի լինելու: «Այնպես չէ, որ հանձնակատարի ինստիտուտի ստեղծումից հետո բոլոր հարցերը լուծվել են: Սրա անհրաժեշտությունը շատ մեծ է, ինչը ծագել է մեր երկու տարվա աշխատանքի փորձի վրա»,- հավելեց Սփյուռքի գործերի հանձնակատարը:

Ինչ վերաբերում է նույն «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի դիտարկմանը, թե հանձնակատարի խորհրդականներին վարչապետի կողմից նշանակելու դեպքում նսեմանում է վարչապետի պաշտոնի բովանդակությունը, Զարեհ Սինանյանը արձագանքեց. «Նման հայտարարությամբ մեր հարգելի գործընկերը նսեմացնում է Սփյուռքի արժեքն ու դերը Հայաստանի համար: Ի՞նչ է, Սփյուռքը արժանի չէ՞, որ վարչապետը հանձնակատար նշանակի համայնքներում»: