Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը 1999-ին ստորագրելով ԵԱՀԿ Ստամբուլյան խարտիան՝ ընդունեց, որ նաև ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա

Քոչարյանը 1999-ին ստորագրելով ԵԱՀԿ Ստամբուլյան խարտիան՝ ընդունեց, որ նաև ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա
Քաղաքականություն
17:45, 10 ноябрь 2021
«Թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո արդեն նոյեմբերին  Ստամբուլում ստորագրելով  ԵԱՀԿ Ստամբուլյան խարտիան, ըստ էության ընդունեց, որ նաև ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

Եւ այսպես. Ստամբուլի գագաթնաժողով. 1999թ. նոյեմբերի 19

«Իր երկրում կրակ ու բոց կտրած, իր «տղամարդկությունով» հմայված, բայց Հոկտեմբերի 27-ից հետո արդեն վերջնականապես միջազգային տարաբնույթ ուժերի ճանկերում հայտնված Ռոբերտ Քոչարյանը գավառական գործչի երկյուղածությամբ ստորագրեց Եվրոպական անվտանգության խարտիան, որով ղարաբաղյան հակամարտությունը դե յուրե ճանաչվում էր Ադրբեջանի ներքին հարց, եւ որին միջամտելու դեպքում Հայաստանը ենթակա էր դառնում միջազգային պատժամիջոցների։ 

Հայաստանը ներկայացնող պաշտոնական անձը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի 16-րդ կետը հռչակում է. «ԵԱՀԿ շրջանակներում, մեր պարտավորություններին համապատասխան, մենք անմիջապես խորհրդակցություններ կանցկացնենք այն մասնակից-պետության հետ, որն աջակցություն կփնտրի անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանություն իրականացնելիս՝ եթե նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական անկախությունը գտնվում են սպառնալիքի տակ»....

Փաստաթղթի 19-րդ կետում արձանագրվում է. «Մարդու իրավունքների, այդ թվում` ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ամբողջական հարգումը, ինքնըստինքյան հանդիսանալով նպատակ, ավելի շուտ ամրապնդում է (տվյալ երկրի) տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, քան՝ խարխլում այն։ Ինքնավարության տարբեր հիմնադրույթները, ինչպես նաեւ այլ մոտեցումները հանդիսանում են ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, լեզվական ու կրոնական ինքնության պաշտպանության ու քաջալերման միջոց՝ գոյություն ունեցող պետության շրջանակներում...»։ 

Ինչպե՞ս հասկանալ Ստամբուլում Քոչարյանի վարքագիծը։ Ի՞նչ է, նա չհասկացա՞վ այդ պարզունակ քաղաքական հնարքը, որով Ստամբուլի խարտիայում սահմանների անձեռնմխելիության պահպանման սկզբունքի` Հայաստանի անունից անվերապահ արձանագրումն Ադրբեջանն օգտագործելու է որպես տրոյական ձի՝ ապագայում ղարաբաղյան հակամարտության հարցի լուծման եղանակի կանխորոշման համար։

Հասկացե՞լ էր Քոչարյանը, որ դրանով ական է դրվում հակամարտության` Հայաստանի եւ Արցախի համար նպաստավոր լուծման տակ... Սա արդեն չի կարող բացատրվել ո՛չ քաղաքական անմեղսունակությամբ, ոչ էլ քաղաքական տգիտությամբ»։

Երջանիկ Աբգարյան 

պետական գործիչ, ՀՀՇ վարչության անդամ

«Պետական դավաճանության մեխանիկան»

Հայկական ժամանակ օրաթերթ, 21.06.2010