Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական որոշակի վերադասավորումները քաղաքական թիմն անհրաժեշտ է համարում․ Նազելի Բաղդասարյանը՝ Շիրակի մարզպետ նշանակվելու մասին

Քաղաքական որոշակի վերադասավորումները քաղաքական թիմն անհրաժեշտ է համարում․ Նազելի Բաղդասարյանը՝ Շիրակի մարզպետ նշանակվելու մասին
Քաղաքականություն
13:24, 11 ноябрь 2021
«Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կար, որ լինելով երկու գումարումների ԱԺ-ի պատգամավոր, ունենալով եռամյա օրենսդրական փորձ, կփորձեմ այս պահին իմ հմտություններն ու գիտելիքները բանեցնել հօգուտ Շիրակի մարզի։ Լիահույս եմ, որ կհաջողեմ»,-այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր ոլորտում հաջողություն գրանցելու համար նախ պետք է ճիշտ ախտորոշել և կարծում է, որ խնդիրների գույքագրումը դրա կարևոր նախադրյալներից մեկն է։

Խոսելով նաև Շիրակի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման մասին՝  Նազելի Բաղդասարյանն ասաց, որ Շիրակի մարզը խնդրաշատ մարզ է և ինքը ձեռնամուխ կլինի այդ հարցերի լուծմանը։ 
«Կարծում եմ, որ հաջողելու մեծ հավանականություն ունեմ, որովհետև հիմնական խնդրակազմին ես տիրապետում եմ և կարծում եմ, որ կարճ ժամանակահատվածում արդյունքները տեսանելի կլինեն»,-ասաց նորանշանակ մարզպետը։

Հարցին, թե նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանն արդյո՞ք թերացել էր, որ ազատեցին պաշտոնից, Նազելի Բաղդասարյանն ասաց, որ Հովհաննես Հարությունյանն այս պահին զբաղեցնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը, և կարծում է՝ թերացման մասին խոսելն անտեղի է, պարզապես քաղաքական որոշակի վերադասավորումները քաղաքական թիմն անհրաժեշտ է համարում։