Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանը իրավական փակուղու առաջ էր կանգնում. Ինչ իրավասություններ են տրվում քաղաքապետին. Պարզաբանում է Վաչե Տերտերյանը

Երևանի քաղաքապետարանը իրավական փակուղու առաջ էր կանգնում. Ինչ իրավասություններ են տրվում քաղաքապետին. Պարզաբանում է Վաչե Տերտերյանը
Քաղաքականություն
12:46, 12 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, հրավիրվել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողոի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցը վերաբերում է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելուն: Օրենքի նախագիծը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է:

«Երևանի այսօրվա քաղաքապետին իրավասություն ենք վերապահում փոփոխել, լրացնել, ուժը կորցրած ճանաչել մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքային շրջանային խորհուրդների կողմից ընդունված և իրավական ուժը պահպանած ակտերը՝ ապահովելով դրանց կատարումը ակտերում տեղ գտած անճշտություններն ուղղելու, պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ այլ ուղումներ կատարելու մասով»,- ներկայացնելով օրենքի նախագիծը առաջարկված փոփոխություններով՝ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով՝ հատկապես շեշտադրվել է, որ որևէ գույքային հարաբերություն փոխելու հնարավորություն չկա. «Խոսքը միայն ճշգրտումներ կատարելու մասին է»:

Նշելով, որ պետությունն է իրավահաջորդը այդ հարաբերությունների, Վաչե Տերտերյանն ասաց. «Մենք տիկին Կյուրեղյանի առաջարկությունը, մեր կարծիքով, իրացրել ենք: Նշել ենք, որ ոչ թե իրավական վերահսկողություն ենք իրականացնում, այլ մասնագիտական: Մենք մասնակիցը կլինենք բոլոր այդ փոփոխությունների և կերաշխավորենք, որ քաղաքացիների որևէ իրավունք չշեղվի կամ փոփոխվի»: 

Փոխնախարարը հավելեց, որ ամեն կոնկրետ դեպքում մենք գործ ունենք կոնկրետ քաղաքացու խնդրի հետ, և քաղաքապետարանը, հասկանալով, որ այդ խնդիրն իրավաչափ է, լուծելի է, այդ իրավասությունը չուներ իրավական փակուղու պատճառով. «Հիմա մենք հույս ունենք, որ այդ բացը լրացնում ենք»: