Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է ստեղծել Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ. Հանձնակատարները չեն վարձատրվելու. Զարեհ Սինանյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարեց, որ ըստ Կառավարության ծրագրի՝ սահմանվել է ստեղծել Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ, որի միջոցով առաջարկվում է ընդլայնել Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները:

«Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև նպաստել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Նրա խոսքով՝ Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են հասարակական հիմունքներով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ. «Նրանք տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից Սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին»: