Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանձնակատարները չեն նշանակվելու Երևանից, այլ լինելու են տեղի հայ համայնքներից. Զարեհ Սինանյանը՝ Սերգեյ Բագրատյանին

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարեց, որ ըստ Կառավարության ծրագրի՝ սահմանվել է ստեղծել Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ, որի միջոցով առաջարկվում է ընդլայնել Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե այդ ինստիտուտը լինելու է նշանակովի՞, թե՞ հնարավոր է նաև ընտրություններ կատարել. «Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ մարմինը լինի ընտրովի, թե՞ հանձնակատարը պետք է լինի մեր, ձեր կամ կառավարության կողմից նշանակված անձ»:

Ի պատասխան՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ հանձնակատարները լինելու են նշանակովի. «Բայց նրանք չեն նշանակվելու Երևանից, այլ լինելու են հենց համայնքներից, իսկ տեղում նման ընտրություն կազմակերպելը պրակտիկորեն անհնար է»:

Զարեհ Սինանյանը հավելեց, որ հանձնակատարները պետք է տեղերում իրագործեն Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հանձնակատարի քաղաքականությունը:

Պատգամավորը, շեղվելով թեմայից, հարցրեց նաև, թե ինչպես են պատկերացնում Սփյուռքի մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին:

«Միանշանակ պատասխան չկա այդ հարցին: Մենք էլ ենք քննարկում տարբերակներ, թե ինչպես կարող է Սփյուռքը ավելի ներկայացված լինել Հայաստանում, սակայն դժվար է պատկերացնել, թե որ համայնքում ինչպես պետք է այդ ընտրությունն անցնի: Բայց ամեն դեպքում մտածում ենք դրա մասին, որ ինչ-որ մարմին ստեղծվի, որը կներկայացնի Սփյուռքը Հայաստանում»,- պատասխանեց Զարեհ Սինանյանը: