Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ռազմական ագրեսիան ուղղված է ՀՀ ինքնիշխանության, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ. Հռիփսիմե Գրիգորյանի կոչը միջազգային հանրությանը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: 

«Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը գրավել հենց այս րոպեներին ՀՀ արևելյան սահմանների հանդեպ ադրբեջանական հերթական ռազմական ոտնձգությունների, այն է՝ հայկական դիրքերը այս պահին ռմբակոծելու սադրիչ գործողությունների վրա»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս ապօրինի ռազմական գործողությունները տեղի են ունենում ի շարունակություն նախօրեին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունների. «Ինչպես հայտնի է, ադրբեջանական տեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են բերվել այս տարածքներից, միաժամանակ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ևս դուրս են բերվել այս տարածքներից: Այնուամենայնիվ այս տարածքում շարունակում են դեռևս ծավալված մնալ դեռևս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողները»:

Նա միջազգային գործընկերներին կոչ արեց իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ՝ ուղղված Ադրբեջանի հերթական սադրանքի դատապարտմանը և հետագա գործողությունների կանխմանը:

«Ադրբեջանի ռազմական ագրեսիան ուղղված է ՀՀ ինքնիշխանության, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ և սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի կայունությանը»,-ընդգծեց Հռիփսիմե Գրիգորյանը:
Պատգամավորն իր հայտարարությունն ընթերցեց նաև անգլերենով: