Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչն է խոչընդոտում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսելուն. Սարգիս Խանդանյանը՝ վարչապետին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն անդրադարձավ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցին և ասաց. «Դեմարկացիան և դելիմիտացիան տեղից չի շարժվում: Ի՞նչ խոչընդոտներ կան, որ մենք չենք կարողանում սկսել այդ աշխատանքները»:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը դեռևս 2021 թվականի մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել սեղանին այդ պահին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ. «Եվ նախընտրական շրջանում, և դրանից առաջ ու հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը»:

Նրա խոսքով՝ մայիսից հետո ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով. «Բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ: Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»:

«Սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է, և նախկինում մեր արած առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,- նշեց վարչապետը: