Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որոնք ընկալելի կլինեն նաև միջազգային հանրության համար. Վարչապետը՝ Սոնա Ղազարյանին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը անդրադարձավ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու հայտարարություններին: «Սակայն մինչ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը դիմում է նոր ռազմական սադրանքների: Պարոն վարչապետ, սա մեզ ի՞նչ հետևությունների պետք է հանգեցնի, և որո՞նք պետք է լինեն մեր քայլերը այս պայմաններում»,- հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան վարչապետը հիշեցրեց. «Ասվել է նաև, որ խաղաղության դարաշրջան բացելը հեշտ չի լինելու, և ընդգծել ենք, որ դա, ցավոք, միայն մեզնից չի կախված: Եվ մենք ասել ենք, որ լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է դրսից ապացուցել, առաջին հերթին՝  մեր հանրությանը, որ խաղաղ դարաշրջանը հնարավոր չէ: Եվ քանի որ դա մեր օրակարգն է, մենք հետևողականորեն պետք է գնանք այդ օրակարգի հետևից»:

Նա նշեց, որ անկեղծորեն պետք է պատասխանել հարցին՝ մենք ուզո՞ւմ ենք գնալ լուծումների, թե՞ ոչ. «Մեր կառավարության դիրքորոշումն այն է, որ մենք պետք է գնանք լուծումների, բայց դա չի նշանակում, որ ցանկացած լուծում մեզ համար ընդունելի կլինի: Բայց դա նաև չի նշանակում, որ մեր պատկերացրած ցանկացած լուծում ընդունելի կլինի մյուս կողմի կամ, ինչն առավել կարևոր է, միջազգային հանրության համար»:

Վարչապետն ընդգծեց, որ Ղարաբաղի հարցում հաջողություն չի եղել, որովհետև մեր ընկալումները ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար, միջազգային հանրության ընկալումները՝ մեզ համար. «Մենք հաշվի չենք առել, որ միջազգային հանրությանը հետաքրքրում էր Ղարաբաղի հարցի ոչ թե հայանպաստ լուծում, այլ Ղարաբաղի հարցի լուծում»:

Վարչապետն ընդգծեց. «Մենք չենք կարող նավը ալեկոծված օվկիանոսի կենտրոնում թողնել և ասել՝ էլ չենք կարողանում: Մենք պետք է էդ նավը, այո՝ ալեկոծությունների, ցունամիների միջով, բայց բարեհաջող հասցնենք նավահանգիստ: Դա մեր պարտականությունն է»: