Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը միջազգային գործընկերներին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի քայլերը. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

Հայաստանը միջազգային գործընկերներին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի քայլերը. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
21:46, 17 ноябрь 2021
Հայաստանը կոչ է ուղղում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող Ադրբեջանի գործողությունները, միակ լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է։ Այս  մասին, ինչպես հայտնում է Վատիկանում ՀՀ դեսպանությունը, նոյեմբերի 15-ին և 16-ին տեղական լրատվամիջոցներում մեկնաբանություններով հանդես է եկել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։

«Մինչ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, այդ երկրի զինված խմբավորումները հարձակումներ են գործում Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ հանգեցնելով մարդկային կորուստների ու ավերվածությունների։ Սա հայկական տարածքներն օկուպացնելու ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսին՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցմամբ։ Դեսպանը նաև հավելել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ  ուժի կիրառումը»,- նշել է դեսպանը:

Կ․Նազարյանը իր մեկնաբանություններում անդրադարձել է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հարցին ու նշել. «Կարևորում ու գնահատում ենք միջազգային մեր գործընկերների, այդ թվում` Սուրբ Աթոռի կողմից երկկողմ և բազմակողմ հարթակներում հարցը շարունակաբար վերհանելն ու Ադրբեջանին կոչ ուղղելը` միջազգային հումանիտար իրավունքի և եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների համաձայն ազատ արձակելու բոլոր գերեվարվածներին և պահվող քաղաքացիական անձանց, ովքեր գտնվում են այդ երկրի բանտերում»։