Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երկրի այս վիճակը հասկանալով՝ որոշել եմ առաջադրվել»․ Թալինի ՔՊ թեկնածու՝ Տավրոս Սափեյան

«Երկրի այս վիճակը հասկանալով՝ որոշել եմ առաջադրվել»․ Թալինի ՔՊ թեկնածու՝ Տավրոս Սափեյան
Քաղաքականություն
15:33, 19 ноябрь 2021
Դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում, այդ թվում՝ Թալինում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Թալինում ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։ 

Civic.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանի հետ։  

Հարցին, թե ինչո՞ւ է ցանկանում դառնալ Թալինի համայնքապետ, Տավրոս Սափեյանն ասաց. «Երկրի այս վիճակը հասկանալով, տեսնելով, թե ինչպիսի մարդիկ են ուզում պատգամավոր լինել, համայնքապետ լինել, որոնց նպատակներն արդար չեն, բարի չեն, մարդիկ, որոնք դեմ են դուրս գալիս իշխանությանը, պետականությանը,  ես՝ լինելով արդարության կողմնակից և միշտ կանգնած լինելով պետության կողքին, որոշել եմ առաջադրվել»։

Խոսելով նաև մրցակիցների մասին՝ Տավրոս Սափեյանն ասաց, որ  «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորող Մնացական Մնացականյանը նախկինում եղել է քաղաքապետ, պատգամավոր, սակայն իր համայնքի համար մի հայրենանվեր գործ չի արել։ 

Ինչ վերաբերում է «Մեր համայնք»-ը դաշինքի ցուցակը գլխավորող   Տիգրան Հարությունյանին, Տավրոս Սափեյանն ասաց, որ նա Դաշնակցության առաջադրած թեկնածուն է, շատ կազմակերպված մարդ է, և նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա, բայց հետաքրքիր է, թե ինչու Դաշնակցությունն իր կուսակցության անունով չի առաջադրում թեկնածուներին։ 
Իսկ  «Լիբերալ Հայք» կուսակցությունից առաջադրվել է Կարեն Գրիգորյանը։ 
        
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներն ինչ խնդիրներ են բարձրացնում։
«Բնակիչների առաջնային խնդիրը խմելու ջրի և ոռոգման ջրի խնդիրն է։    Ներկա պահին ամբարներ ունենք, որոնք չեն գործում։ Ճիշտ է, տարին բարենպաստ չէր, չորային էր, ջուր չկար, բայց անհավասարություններ շատ կան։ Մեկի բակում կա երեք աղբյուր, մյուսի բակում նույնիսկ մեկ հատ չկա։ Բացի դրանից, մեր տարածաշրջանը անասնապահական շրջան է, բայց անասունները չեն կարողանում ջուր խմել դաշտերում»,-ասաց Տավրոս Սափեյանը։

 Նա նշեց, որ բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան, ու թեև  հեղափոխությունից հետո շատ խնդիրներ լուծվել են, բայց կան պակաս բաներ, որոնք ներառված են իր նախընտրական ծրագրում, և ընտրվելու դեպքում այդ գործերն ինքն անելու է։

«Վերանորոգվելու են չվերանորոգված տանիքները, բակերը, խաղահրապարակները, մայթեզրերի ասֆալտապատում ենք անելու, լուսավորությունն ենք շատացնելու, անմխիթար վիճակում են բազմաբնակարան շենքերի մուտքերը, որոնք նույնպես վերանորոգելու ենք։ Չի գործում միջհամայնքային տրանսպորտը, նպատակներ ունենք, որ դա էլ կգործի»,- ասաց Տավրոս Սափեյանը։

Նա նաև նշեց, որ ընտրվելու դեպքում անպայման նպաստելու են Թալինում զբոսաշրջության զարգացմանը։  

Նշենք նաև, որ երբ օրեր առաջ սահմանում լարվածություն սկսվեց, Տավրոս Սափեյանը դադարեցրեց քարոզարշավը և մեկնեց առաջնագիծ։ Իրավիճակը հանդարտվելուց հետո միայն, նա հետ վերադարձավ։ 

Լիլիթ Թադևոսյան