Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհի սահմանների զգալի մասը դեմարկացված ու դելիմիտացված չէ, բայց դա չի խանգարում դիմել միջազգային կառույցներին․ Արա Խզմալյան 1in.am

Աշխարհի սահմանների զգալի մասը դեմարկացված ու դելիմիտացված չէ, բայց դա չի խանգարում դիմել միջազգային կառույցներին․ Արա Խզմալյան 1in.am
Քաղաքականություն
18:03, 22 ноябрь 2021
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, սահմանային վերջին ագրեսիայի ֆոնին տեսակետներ են հնչում, թե իմաստ չունի դիմել միջազգային կառույցներին, քանի որ սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա արված չէ։ Այս մոտեցումն ինչքանո՞վ է հիմնավոր։  

Նման բան ասելն անհեթեթություն է։ Միջազգային իրավունքում արգելված է տարածքային վեճերի շրջանակներում ուժի գործադրումը։ Այսինքն՝ նույնիսկ եթե  տարածքն օկուպացված է տվյալ պետության կողմից,  այդ դեպքում ևս մյուս պետության կողմից ուժի գործադրումը արգելված է։ Առավել ևս՝ վիճելի տարածքներում ուժի գործադրումն արգելված է, ուստի անհեթեթ է ասել, որ այդ վիճելիության պայմաններում կողմերից մեկը ուժ գործադրել ու մյուս կողմի  զինված ուժերի դեմ որևէ գործողություն իրականացնել։ Ուստի միանշանակ կարող ենք դիմել ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդ։ Եթե խոսում ենք նոյեմբերյան սրացումների մասին, ապա որևէ վերաբերելի քարտեզագրման պարագայում՝ խոսքը նաև թե՛ առաջին հանրապետության և թե ԽՍՀՄ տարիներին եղած քարտեզների մասին է,  քարտեզագրման որևէ շրջանակներում այդ տարածքը չի համարվել Ադրբեջանի մաս, եղել է ՀՀ տարածք։

-Այսինքն՝ ցանկացած պարագայում մեր կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն արդարացված կլինի։

-Այո։ Աշխարհի սահմանների զգալի մասը դեմարկացված ու դելիմիտացված չէ։ Բայց դա երբեք չի խանգարել ագրեսիայի դեմ որևէ քայլ գործադրել։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք ագրեսիայի հետ։

-Նման կոչերը, փաստորեն ավելի շատ քաղաքական շահարկումների դաշտից են։

-Ես չէի ցանկանա մեկնաբանել, թե դա ինչ շահարկում է։ Կարող եմ ասել, որ դա շահարկում է և անհիմն է։ Իսկ թե ինչ մոտիվացիաներ կան՝ չէի ցանկանա մեկնաբանել։

Աղբյուրը՝ 1in.am