Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանի որ համաչափ զարգացման սկզբունքը շատ խոր խախտված է, հետևաբար, մենք չենք կարող անմասն մնալ․ Ապարանի ՔՊ թեկնածու

Քանի որ համաչափ զարգացման սկզբունքը շատ խոր խախտված է, հետևաբար, մենք չենք կարող անմասն մնալ․ Ապարանի ՔՊ թեկնածու
Քաղաքականություն / Հայաստան
22:50, 22 ноябрь 2021
Քանի որ համաչափ զարգացման սկզբունքը շատ խոր խախտված է, հետևաբար, մենք չենք կարող անմասն մնալ․ Ապարանի ՔՊ թեկնածու
 
Դեկտեմբերի 5-ին Ապարան խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։
 
 Մասնակցության համար առաջադրվել է երկու քաղաքական ուժ։
 
 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը, իսկ «Եղիազարյան» դաշինքի ցուցակը գլխավորում է Կարեն Եղիազարյանը (Գնթունիքի Կարեն)։ 

 Ընտրությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Էդգար Փարվանյանի հետ։

 «Քանի որ համաչափ զարգացման սկզբունքը շատ խոր խախտված է, հետևաբար, մենք չենք կարող անմասն մնալ ու մեր աչքերը փակել»,- ներկայացնելով համայնքային զարգացումը, ասաց Էդգար Փարվանյանը։

 Հարցին, թե քարոզարշավի ժամանակ բնակիչներն ինչ առաջնահերթ խնդիրների մասին են բարձրաձայնում, Էդգար Փարվանյանն ասաց, որ իր համար որքան էլ զարմանալի է, այդպիսի համայնք չկա, որ խմելու ջրի խնդիր չունենա։

 «Ու ժամանակին մեր կողքի գյուղերից մեկում, եթե չեմ սխալվում, երեք թե չորս տարի առաջ, 450 միլիոն դրամ միայն այդ մի փոքր գյուղի մեջ խմելու ջրի համար գումար է ներդրվել»,- տեղեկացրեց Էդգար Փարվանյանը։

 Խոսելով նախընտրական   ծրագրի մասին, Էդգար Փարվանյանն ասաց, որ ծրագրում գերակա խնդիրը կրթության զարգացումն է, որը կբերի համընդհանուր բարեկեցության։ 

 «Նախատեսում ենք ֆիզմաթ թեքումով դպրոցի վերաբացում, արհեստակցական ուումնարանի վերաբացում, համայնքի տարածքում հանրակրթական դպրոցների բազայի վրա նախակրթարանների ստեղծում, որտեղ իրենց ուսումնառությունը կստանան նախադպրոցական  տարիքի մանուկները: Դպրոցականների համար նախատեսում ենք ստեղծել ՏՏ ոլորտի կենտրոն, համակարգչային դասարան՝ խորացված գիտելիքներ ստանալու համար»։ 
  
Գյուղատնտեսական խնդիրներին անդրադառնալիս՝ Էդգար Փարվանյանը նկատեց որ, իրենց մոտ արոտավայրերի խնդիր կա, հողերը գրեթե չեն մշակվում, իսկ անասնապահությունը, ցավոք, համարյա վերացել է Ապարանում, սակայն նաև նշեց, որ այդ ամենը վերակագնելուն ուղղված քայլերն իրենց նախընտրական ծրագրում ներառել են։

Խոսելով իր մրցակից Կարեն Եղիազարյանից՝  Փարվանյանն ասաց. «Եթե գործարար տեսանկյունից  նայենք, ապա նրան դիտարկում եմ որպես գործարար՝ «Գնթունիքի» սեփականատեր, իսկ եթե քաղաքականության տեսանկյունից,  ապա վերջին խորհրդարանական ընտրությունների ինֆորմացիայից ելնելով, նա սատարում էր «Պատիվ ունեմ» դաշինքին, համակարգում էր Ապարանի  գրասենյակը և աշխատում էր նրանց համար, իսկ  հիմա «Եղիազարյան» դաշինքով է ներկայանում»:

Անդրադառնալով քաղաքացիների տրամադրվածությանը՝ Էդգար Փարվանյանն ասաց, որ կարծում է՝ քաղաքացիների իրավագիտակցությունն այժմ առավել բարձր է, քան երբևէ։

«Եվ դա ինձ շատ մեծ ուժ է տալիս։ Եվ նրանց մոտեցումները, նրանց քաղաքացիական պարտքի զգացումը, նրանց վերլուծությունները, խոսակցությունները տեսնելով, ես հասկանում եմ, որ այս մարդիկ շատ բարձր հայրենասիրական մոտեցումներ են դրսևորում և միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ձևով մեկնաբանում են քաղաքական անցուդարձերը։ Եվ դա ինձ հույս է տալիս, որ իրենք իրենց ճիշտ որոշումը կկայացնեն»,- ասաց Փարվանյանը։
 
 Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ սահմանային լարվածություն սկսվեց, Էդգար Փարվանյանը մեկնել էր առաջնագիծ, իսկ այդ ընթացքում Ապարանում պատռել էին նրա նախընտրական պաստառները։ Հարցին, թե արդեն բացահայտվել է՝ ովքեր են այդ արարքի հեղինակները, Էդգար Փարվանյանն ասաց․ «Պաստառները պատռելու հետ կապված մենք արդեն չենք էլ խորանում դրա մեջ։ Միայն կասեմ, որ ես դա համարում եմ անբարոյականություն,  և ուղղորդողները, և կատարողները անբարոյականներ են, ամոթ իրենց»։
 
Լիլիթ Թադևոսյան