Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որ հայտարարում եք՝ գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, դատվելու եք», «Դատվողները շուտով կդատվեն, պարո՛ն Մինասյան․ ովքե՞ր են Ադրբեջանի հետ սինխրոն աշխատում»․ վեճ՝ ԱԺ հանձնաժողովի նիստում

«Որ հայտարարում եք՝ գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, դատվելու եք», «Դատվողները շուտով կդատվեն, պարո՛ն Մինասյան․ ովքե՞ր են Ադրբեջանի հետ սինխրոն աշխատում»․ վեճ՝ ԱԺ հանձնաժողովի նիստում
Քաղաքականություն
12:35, 23 ноябрь 2021

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում այսօր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում հայտարարեց, թե «Հայաստան» խմբակցությունը Արթուր Ղազինյանին առաջադրելով՝ իրացրել է իր իրավունքը և, որ հանձնաժողովի նախագահն անձամբ և իշխանական այլ անդամները արդեն որերորդ անգամ մանիպուլյացիաների, կեղծ, սուտ տեղեկությունների են դիմում։

«Դուք սուտը ինքներդ եք ասում՝ անձամբ Դուք», -ընդհատեց Անդրանիկ Քոչարյանը։

«Սուտը դուք եք ասում, դուք դեռ դատվելու եք», - արձագանքեց Արծվիկ Մինասյանը և ավելացրեց․ «Հիմա ես հրապարակային ասում եմ՝ Դուք և Վահագն Ալեքսանյանը, որ հրապարակային հայտարարում եք, թե գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, դուք դեռ պատասխան պետք է տաք։ Հենց հիմա ձեզնից պատասխան եմ պահանջում և հրապարակային հայտարարում եմ՝ դուք դեռ դատվելու եք և ոչ միայն այս հանցագործության համար»։

«Դատվողները շուտով կդատվեն, պարոն Մինասյան, շատ շուտով կդատվեն, չկասկածեք պարոն Մինասյան», - արձագանքեց Վահագն Ալեքսանյանը նիստը լքել պատրաստվող Արծվիկ Մինասյանին։ 

«Գնացեք, դուք շատ լավ կոմունիկացված եք Ալիևի հետ», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Արծվիկ Մինասյանը, ով բարձրացել էր իր տեղից և պատրաստվում էր դուրս գալ դահլիճից, վերադարձավ և հայտարարեց․ «Դիմում եմ դատախազությանը։ Պաշտոնապես, պաշտոնական նիստում հրապարակային հայտարարություն է արվում, անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքե՞ր են դավաճանները»։

«Միանշանակ, ովքե՞ր են ադրբեջանական իշխանության հետ սինխրոն աշխատում՝ մեկին մեկ։ Ովքե՞ր են սահմանների լարվածությանը զուգընթաց Երևանում լարվածություն ստեղծում», - հակադարձեց Վահագն Ալեքսանյանը։

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ ընդդիմությունը օրակարգ չունի նույնիսկ՝ թեկնածու չունի։ «Թեկնածուն ֆեյսբուքյան խայտառակ գրառումներ է անում, որը չի բխում ՀՀ անվտանգության շահերից։ Եկան, իրենց ղժղժոցն արեցին, գնացին։ Հիմա թող փողոցում ղժղժան, տեսնենք քանի՞ մեր քաղաքացի է իրենց ղժղժոցներին հետամուտ լինելու», - ասաց Քոչարյանը։

Ապա քվեարկության դրվեց Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցը, որի արդյունքում Ղազինյանը հերթական՝ տասներեքերորդ անգամ չընտրվեց այդ պաշտոնում։