Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վաղվանից կսկսենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը, եթե նա անգործություն դրսևորի»․ Արա Զոհրաբյան․ A1plus.am

Մի խումբ քաղաքացիներ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ պահանջագիր հանձնեցին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմին, որը վերաբերում էր ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցով Սահմանադրական դատարան դիմելուն։

Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ նախագահը, տեսնելով Սահմանադրության հնարավոր խախտումներ, պետք է կատարի իր պարտականությունները։

Իսկ որ հրամանագրում կան սահմանադրության խախտումներ, Զոհրաբյանն ասում է՝ նախագահն ինքն էլ է արձանագրել, բայց ընտրել է անգործության ճանապարհը․

«Նախագահին խնդրել ենք այսօր դիմել ՍԴ՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբին ազատելու վարչապետի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու պահանջով»,- նշեց Զոհրաբյանը և հավելեց, որ եթե նախագահը չդիմեց ՍԴ, իրենք ունեն պլանավորած քայլեր․

«Վաղվանից կսկսենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը, եթե այս հարցի լուծումը չտրվեց, իսկ այս հարցի լուծման երկու ճանապարհ կա՝ կամ վարչապետը հրաժարվում է իր պահանջից, կամ նախագահը դիմում է ՍԴ, հակառակ դեպքում՝ մենք հայտնվում ենք ճգնաժամային իրավիճակում»։

Զոհրաբյանը հիշեցնում է՝ նախագահը ևս պահանջել է վարչապետի հրաժարականը, բայց այսօր նրա հետ համագործակցող քայլեր է անում։

«Ա1+»-ի հարցին, թե հստակ համոզմունք ունի՞, որ նախագահի՝ ՍԴ դիմելու դեպքում ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի վարչապետի հրամանագիրը, Զոհրաբյանն արձագանքեց․

«ՍԴ-ն կոլեգիալ մարմին է, բայց առնվազն հարթակ է, որտեղ հարցին քաղաքակիրթ լուծում է տրվելու, ոչ թե պետք է թողնել մարդիկ ձեռքի ուժով հարցը լուծեն, այլ պետք է քաղաքակիրթ լուծում»։