Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սահմանազատաման և սահմանագծման համար համապատասխան պայմաններ չկան, ավելին` Ադրբեջանն իր պահանջներն է թելադրում Հայաստանին»․ Սեյրան Օհանյան

«Սահմանազատաման և սահմանագծման համար համապատասխան պայմաններ չկան, ավելին` Ադրբեջանն իր պահանջներն է թելադրում Հայաստանին»․ Սեյրան Օհանյան
Քաղաքականություն
12:57, 25 ноябрь 2021
Այսօր` նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում  «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է լսումներ սահմանազատման և սահմանագծման հարցի վերաբերյալ: «Այսօրվա սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին լսումները մենք անց ենք կացնում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շուրջ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում: Երբ ուժային կենտրոնների շահերի համատեքստում աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային իրադարձությունները և հատկապես թուրք-ադրբեջանական վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծած հանցավոր պատերազմը, Արցախի վրա լայնամասշտաբ հարձակումը, ադրբեջանական անընդունելի նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ ավելի փխրուն են դարձրել անվտանգության միջավայրը և ահագնացող սպառնալիքները ստիպում են մեզ բոլորիս իրավիճակին համարժեք արձագանքել»,-ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա դիտարկմամբ` աահմանազատումն ու սահմանագծումն իրականացվելու է առանց համապատասխան պայմանների` այսինքն, առանց խաղաղության իրավապայմանագրային հենքի, ՀՀ իշխանությունների կողմից ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, թուրք-ադրբեջանական խաբկանքին համահունչ սահմանների ճշտման գործընթացի հետ. «Ըստ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային փորձի՝ դրանց լեգիտիմության կարևորագույն չափանիշներն են միջազգային օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և բոլոր սահմանների անխախտելիությունը որը կարող է փոխվել միայն խաղաղ ճանապարհով կողմերի համաձայնությամբ: Անհրաժեշտ պայման է, որպեսզի հակառակորդ պետությունները դառնան խաղաղ ապրելու պատրաստ հարևան պետություններ` ունենալով դիվանագիտական հարաբերություններ: Եվ այս ամբողջ գործընթացը պետք է իրականացնի հարևան պետությունների կառավարությունների կողմից ստեղծված խառը հանձնաժողովը` հիմք ընդունելով սահմանների վերաբերյալ օրենսդրությունը, պատմական ժառանգությունը, նոր սահմանի ազդեցությունը երկրի տնտեսության, ինժեներական ենթակառուցվածքի, սահմանամերձ բնակչության կենսունակության վրա»: Սեյրան Օհանյանի խոսքով` ստեղծված իրավիճակում սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացնելու համար վերոնշվյալ պայմանները չկան:

Օհանյանն ընդգծեց նաև, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հիմա էլ սողացող պատերազմով է փորձում տարածքներ պոկել, ինչպես նաև GPS-ներով միակողմանի սահմանագծում ու սահմանազատում է իրականցնում. «Մասնավորապես, Սյունիքի ճանապարհների ապաշրջափակման անվան տակ Զանգեզուրի միջանք է ձևավորում, երբ նույնիսկ գերիները չեն վերադարձվել, ավելին շարունակում է գերեվարել հայ զինծառայողներին, և ակնհայտ է որ այս պայմաններում իր պահանջներն է թելադրում Հայաստանի իշխանություններին»: