Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պարտվել է պետությունը, ոչ թե բանակն ու ժողովուրդը»․ Սեյրան Օհանյան

«Պարտվել է պետությունը, ոչ թե բանակն ու ժողովուրդը»․ Սեյրան Օհանյան
Քաղաքականություն
15:04, 25 ноябрь 2021
«Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղությանն ու սահմանների ճշգրտմանը, բայց դա չպետք է լինի Հայաստանի ու Արցախի շահերի կորստով պայմանավորված»,- այսօր «Հայաստան» խմբակցության կազմակերպած՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց պատգամավոր Սեյրան Օհանյանը: 

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրում պետք է բացառեն Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում: «Հայաստան» խմբակցությունը ճանապարհների ապաշրջափակմանը ևս կողմ է, բայց ոչ երկրի անվտանգության նվազեցման ֆոնին:
Պատգամավորի դիտարկմամբ՝ պրակտիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: 

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության ղեկավար Արթուր Վարդանյանը հարց ուղղեց Սեյրան Օհանյանին՝ ի՞նչ գնահատական կտա 44-օրյա պատերազմին: 

Ի պատասխան այս հարցի՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքը միշտ զերծ է մնացել բանակի մարտավարական գործողությունների, սպառազինության, ռազմական տեխնիկայի վերաբերյալ տեղեկություններ տալ հանրությանը. «Գնահատականը մեկն է, որ ամբողջ ներուժը՝ և բանակցային, և անվտանգային, քայքայվեց, իսկ պատերազմի պարտության պատճառը պետական կառավարման և նաև որոշ տեղերում ռազմական մարտավարական կառավարման բացթողումների արդյունք է, և պարտվել է պետությունը, ոչ թե բանակն ու ժողովուրդը»: