Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առավելագույնը՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծում. ինչ է սպասվում վաղը Սոչիում

Առավելագույնը՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծում. ինչ է սպասվում վաղը Սոչիում
Քաղաքականություն
19:55, 25 ноябрь 2021
Վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում։ Բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։ Արդեն հայտնի է, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար։ Բացի դրանից՝ Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։

Թեև հանդիպման օրակարգը հայտնի է, սակայն ընդդիմության որոշ ներկայացուցիչներ շարունակում են պնդել, թե հանդիպման ընթացքում ամեն դեպքում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու։ Այդպիսի պնդումներ այսօր հնչեցին նաև ԱԺ ամբիոնից՝ «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ։ 

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ որոշակի հավանականություն, ամեն դեպքում, կա, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, բայց այդ փաստաթուղթը ամենայն հավանականությամբ կվերաբերի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելուն: «Բայց քանի դեռ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ, զերծ կմնամ որակումներ տալուց, թե դա բխում է կամ չի բխում Հայաստանի շահերից։ Ավելի լավ է սպասենք»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ընդդիմության մտահոգությունները արդարացված չեն, քանի որ  դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը շատ բարդ և ժամանակատար գործընթաց է։ 

Հայաստանը Վրաստանի հետ որևէ կոնֆլիկտ չունենալով հանդերձ՝ 30 տարի է՝  վերջնականապես դեմարկացիա և դելիմիտացիա չի կատարել, 60 տոկոսով է միայն կատարվել։ «Ադրբեջանի դեպքում այդ գործընթացն առավել ևս շուտ չի իրականացվելու։ Այո, Հայաստանի իշխանությունները կարող են համաձայնել նման հանձնաժողովի ստեղծմանը, բայց տարիներով կարող է ձգձգվել այդ գործընթացը և ի վերջո «ջրվել» այդ ամենը։ Բայց նաև  հավանական է, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ գործադրի, որպեսզի հնարավորինս արագ իրականացվի դա։ Մենք տեսնում ենք, որ ռուս պաշտոնյաները անընդհատ ՀՀ իշխանություններին կոչ են անում իրականացնել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սահմանային յուրաքանչյուր  լարվածությունից հետո։ Ռուսաստանը շահագրգռվածություն է ցուցաբերում, որպեսզի իրականացվի սահմանազատում և սահմանագծում»,- ընդգծեց Վարդանյանը։

Նշենք, որ Սոչիում վաղը կայանալիք հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները, արդեն Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ, կհանդիպեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում։ Քաղաքագետի խոսքով՝ բրյուսելյան հանդիպման օրակարգը զգալիորեն կտարբերվի վաղվա հանդիպման օրակարգից: «Ամենայն հավանականությամբ Բրյուսելում քայլեր կձեռնարկվեն սահմանային լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի համար որևէ վտանգ չի պարունակելու։ Մեր խնդիրը նման հապճեպ, արագ մեզ դեմարկացիա և դելիմիտացիա անել պարտադրելն է, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ուժի գործադրմամբ, ուժի սպառնալիքի ներքո նման փաստաթղթերի ստորագրումը նաև վավերականության հետ խնդիր ունի։ Հետևաբար մեր խնդիրը Սոչիի հանդիպումն է, որի ժամանակ հնարավոր է մեզ պարտադրվի արագ տեմպով դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը։ 
 
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով ևս՝  վաղը սպասվող հանդիպման ժամանակ առավելագույնը, ինչ կարող է ստորագրվել, դա   սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին կարող է լինել. «Ինչքան էլ ընդդիմություն կոչվածը ցանկանա, որ դա լինի փաստաթուղթ սահմանագծման և սահմանազատման արդյունքների մասին, դա ֆիզիկապես հնարավոր չէ։ Բայց ես ընդդիմության այդ վարքագծի վրա չեմ զարմանում։ Այդ մարդիկ տասնամյակներ շարունակ  պարազիտացել են հաղթանակի վրա, իսկ հիմա պարազիտանում են պարտության և հետպատերազմյան դժվարությունների վրա։ Եթե առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ, ապա ամեն ինչի վրա սպեկուլյացիա անելու գայթակղությունը շատ մեծ է։ Եվ եթե տրվում ես գայթակղությանը, երբ ամեն ինչ պարզ է, թե ինչի մասին կարող է խոսք լինել, ապա  ամեն ինչ գավառական կրկեսի տպավորություն է թողնում»,- ասաց Մեհրաբյանը։

Ամեն դեպքում, քաղաքագետի խոսքով, Ռուսաստանի կողմից  Հայաստանի վրա ճնշում գործադրելու միտում կա դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները սկսելու մասով։ Իսկ դա արվում է, քանի որ այդ գործընթացի սկիզբը Ռուսաստանին տևական մասնակցության  ոտնատեղ է տալիս։ «Բայց դրանից զատ, կողմերն էլ իրենց շահագրգռվածությունն ունեն, որ այդ ճշգրտումն ի վերջո արվի։Բայց պետք է հասկանալ, որ այդ գործընթացը կարող է տևել տարիներ՝ այնպես, ինչպես վրաց-ադրբեջանական, վրաց-հայկական սահմանը։ Եվ սա այն դեպքւոմ, որ այս սահմանը անգամներով ավելի մեծ է։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տարիներ է տևելու»,- եզրափակեց մեր զրուցակիցը։