Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր կարծիքով հայհոյանքը քաղաքական պայքարի միջո՞ց է, ընդունելի՞ է որևիցե երկրում․ Վլադիմիր Վարդանյանը՝ Աղվան Վարդանյանին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ 

Նախագծի հիմնական զեկուցողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր։ Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137․1-րդ հոդվածը՝ ծանր վիրավորանքը, և հետևաբար դրանից բխող՝ քրեական դատավարության օրենսգրքում կատարել փոփոխություններ․ «Այս տարի 2021թ․-ին քրեականացվել է վիրավորանքը, ծանր վիրավորանքը, զրպարտությունը։ Նախ ասեմ, որ Սահմանադրական դատարանում վիճարկվում է այդ օրենքների սահմանադրականությունը, բայց մեր խորին համոզմամբ այս փոփոխությունները լուրջ հակասություններ ունեն և սահմանադրության, և մարդու իրավունքների ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ»։

Աղվան Վարդանյանի խոսքով՝ բացի այն, որ հոդվածում տեղ գտած եզրույթներն անորոշ են, նաև բնական է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդկանց ուղղված քննադատությունների շրջանական ավելի լայն է, քանի որ նրանք հանրության ուշադրության կենտրոնում են և հիշեցրեց, որ տարիներ առաջ ՀՀ-ն ապաքրեականացրել է վիրավորանքն ու զրպարտությունը։ 

Նախագծի հարակից զեկուցող, ՔՊ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց Աղվան Վարդանյանին՝ հոդվածում տեղ գտած ո՞ր եզրույթներն են անորոշ, որոնք թույլ չեն տալիս որոշել քաղաքացու վարքագիծը․ «Դուք նշեցիք զրպարտության մասին, զրպարտությունը ՀՀ-ում ապաքրեականացված է, և չկա որևէ նախագիծ, որով այն քրեականացվի։ Օրինակ Ձեր կարծիքով հայհոյանքը քաղաքական պայքարի միջո՞ց է, ընդունելի՞ է որևիցե երկրում։ Եվ Սահմանադրական դատարանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու որոշման մեջ հստակորեն նշված է, որ քաղաքական մեծամասնությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի ատելության խոսքի դեմ պայքարելու համար»,-հավելեց Վլադիմիր Վարդանյանը։ 

Աղվան Վարդանյանն էլ մեջբերեց ՔՕ 137․1-րդ հոդվածի առաջին մասը․ «Հոդվածում գրված է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը կամ նրան հայհոյելը, կամ նրա արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը։ Ո՞վ է որոշելու այս եզրույթների չափը, սահմանը, ոստիկանությա՞ն, դատախազությա՞ն ինչ-որ մի պաշտոնյա։ Հատկապես մենք օրենքն այնպես ենք փոխում, որ վիրավորվողը պարտավոր չէ դիմել՝ ասել ինձ վիրավորել են, հայհոյել են, այլ սա պետք է որոշեն չգիտեմ ովքեր։ Ես գտնում եմ, որ սա սուբյեկտիվ գնահատման արժանի է»։

Վլադիմիր Վարդանյանը արձագանքելով Աղվան Վարդանյանի խոսքերին՝ նշեց, որ ծանր վիրավորանքի, հայհոյելու կամ արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու եզրույթի չափը որոշողը դատարանն է։ 

ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ ընդգծեց, որ անձի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու ձևակերպումները կան Վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռներում։ 

Աղվան Վարդանյանն էլ համոզմունք հայտնեց, որ անձին ծանր վիրավորանք հասցնելու եզրույթի որոշումը օբյեկտիվ չի լինի դատարանների կողմից։