Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես շատ եմ ուզում, որ դատախազությունը անպայման էդ գործով քննություն սկսի. Վահագն Ալեքսանյանը՝ Աղվան Վարդանյանի սիրելի թերթում՝ «Հրապարակ»-ում տեղադրված վիդեոների մասին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում օրակարգի վերջին հարցը դարձյալ հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն էր:

Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքիր է համարում ընդդիմության գործելաոճը. «Իրենք առաջադրում են իրենց թեկնածուին, հետո դրամատիկ կերպով դուրս են գալիս՝ ցույց տալով, որ իրենք միայն բովանդակային հարցերի մեջ են մնում, իսկ այս հարցն իրենց հետաքրքիր չի, որովհետև սրանով ոչ մի խնդիր չի լուծվում երկրի համար: Բայց փաստացի առաջադրողն իրենք են, և Արթուր Ղազինյանի առաջադրումն իրենց օրակարգն է»:

Իսկ ինչ վերաբերում է Գեղամ Մանուկյանի նշած քրեական հետապնդում հարուցելու մասին հաղորդագրությանը, Վահագն Ալեքսանյանը նկատեց. «Ես շատ եմ ուզում, որ դատախազությունը անպայման էդ գործով քննություն սկսի, և ուսումնասիրվի իմ պնդումների ճշմարտացիությունը: Օրինակ՝ ինչքանո՞վ են փոխկապակցված սահմանային իրադրության լարվածության ֆոնին միաժամանակ Երևանի կենտրոնում ծագող ընդդիմադիր դիվերսիոն գործողությունները, կամ ինչ-որ ընդդիմադիր կիսախեղկատակային թերթերի կողմից հատուկ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով ներդրված լրատվական դիվերսիաների բերումը հայկական դաշտ: Օրինակ՝ մարտական գործողությունների շրջանում Աղվան Վարդանյանի սիրելի «Հրապարակ» թերթը իր էջում տեղադրում էր վիդեոներ հայ գերիների մասնակցությամբ. արդյոք որքանո՞վ է այդ ամենը փոխկապակցված: Արդյոք այդ ամենը մի ամբողջ համակարգի ու մի ամբողջ տեղեկատվական ու ռազմական գրոհի մա՞ս է, թե՞ ոչ»: