Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերգեյ Բագրատյանն ընտրվեց «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ

«Հայաստան» հիմնադրամն անցնում է միջազգային աուդիտ, և այդ առումով արդեն որոշ հարցեր փակված են. եթե կարիք կա ավելի խորն ուսումնասիրելու հիմնադրամի միջոցները, մենք կարող ենք քննարկել, թե ինչպես անենք՝ ի վերջո կա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ։ Հիմա հարցը ոչ թե հիմնադրամի ամբողջ միջոցները ստուգելն է, այլ այն գումարը, որը փոխանցվել է պետական բյուջե։ Եվ ես համոզված եմ, որ մենք կաշխատենք գործընկերային մթնոլորտում»,- այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը։

ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ երբ հիմնադրամին ուղղված մեղադրանքներ էին հնչում, իրենք հաճախ, ճշմարտությունն իմանալով, կաշկանդված էին իրականությունն ասելու, որովհետև իրականությունն ասելն ու որոշ ձևակերպումները, ըստ պատգամավորի, կարող է վնասեին հիմնադրամին. «Այս առումով, կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է, որ մենք բոլոր կողմերին լսելով գանք հասնենք ճշմարտությանը և այն փոխանցենք մեր քաղաքացիներին։ Ես կարծում եմ, որ կարիք կլինի նաև լսելու հիմնադրամի միջազգային աուդիտն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների կարծիքը, նաև Հաշվեքննիչ պալատին»։

Հանձնաժողովի այսօրվա օրակարգային հարցերից էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը, որը պետք է լիներ իշխանությունից՝ հաշվի առնելով, որ նախագահն արդեն իսկ ընդդիմության ներկայացուցիչ է։ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ Սերգեյ Բագրատյանի թեկնածությունն են առաջադրում որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 

Առաջարկը դրվեց քվեարկության՝ Սերգեյ Բագրատյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։