Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ կարևոր է՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի առաջիկա նիստին ոչ միայն Հայաստանի անվտանգային խնդիրները տանելը, այլև Մինսկի խմբի ֆորմատն ինտենսիվացնելը․ Ստյոպա Սաֆարյան

Շատ կարևոր է՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի առաջիկա նիստին ոչ միայն Հայաստանի անվտանգային խնդիրները տանելը, այլև Մինսկի խմբի ֆորմատն ինտենսիվացնելը․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
18:15, 30 ноябрь 2021
«ՀՀ անվտանգության օրակարգը՝ Եվրոպայում գագաթնաժողովներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը, խոսելով Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանի անելիքների մասին, ասաց, որ ՀՀ կառավարությանն ու իշխանությանը հուշում է՝ այդ գագաթնաժողովում առիթն օգտագործելով՝ պետք է ամրագրել «Հյուսիս-հարավ»-ի ենթակառուցվածքային ծրագիրը։

«Այն, ըստ էության, Վրաստանի և Հայաստանի, նաև Ուկրաինայի՝ Սև ծովի միջով, մրցակցային դիրքերի ամրապնդում է հեռավոր Ասիայի հետ հաղորդակցության ճանապարհին, որտեղ ընդհանուր օրակարգ կա։ Եվ պատկերացրեք՝ որքան հրաշալի կլինի, եթե դա դառնա մի կողմից՝ եվրոպական 27 երկրների ուղենիշ, մյուս կողմից՝ առնվազն ԱԼԳ երեք-չորս երկրների նաև ցանկություն, շահագրգռություն, ինչը նաև կունենա իր ֆինանսական արտացոլումը։ Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն այս առումով  ժամանակ և հնարավորություն ունի աշխատելու, այդ թվում՝ Գերմանիայի Դաշնության հետ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-3-ը Շվեդիայում տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը, իսկ դեկտեմբերի 15-ին տեղի է ունենալու ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը:

Խոսելով ԵԱՀԿ նախարարների խորհրդի մասին՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ շատ կարևոր է այստեղ ոչ միայն Հայաստանի անվտանգային խնդիրները բերելը, որովհետև սա, ըստ էության, ամենամիջազգային տարածաշրջանային կազմակերպությունն է, որը  մանդատ ունի մեր երկու երկրների նկատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև Մինսկի խմբի ֆորմատն ինտենսիվացնելը։

Նա նշեց, որ մտահոգիչ և անթույլատրելի կլինի, եթե միջազգային մանդատը հնարավոր չլինի գործարկել։ Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է խոսի այն մասին, որ Ադրբեջանը 2017-ի ԵՄ գագաթաժողովի ուղենիշերի խախտում է թույլ տվել: «Պիտի՞ Ադրբեջանը հնարավորություն ունենա ստորագրելու այս գագաթաժողովի հայտարարության տակ եւ միանալու մի բանի, ինչն արդեն խախտել է: Ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված մեր անելիքը: Այն արդեն մեկ տարի է՝ ոչ միայն չի կարողանում վերսկսել իր աշխատանքը, այլ նաեւ արդեն մեկ տարի է՝ չի այցելել հակամարտության գոտի, ինչը աննախադեպ, տխուր եւ մտահոգիչ փաստ է»,- նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ երբ արդեն առանձնացվել են խնդիրները, և դրա շուրջ կան որոշակի պայմանավորվածություններ, այդ թվում՝ Արևմուտք-Ռուսաստան կտրվածքով, պետք է հուսալ, որ հնարավոր կլինի  կարգավիճակի և հակամարտության  համապարփակ կարգավորման խնդիրները լուծել կամ քննարկել այդ ֆորմատում։ 

Քաղաքագետը Սոչիի հայտարարությունում կարեւոր կետ է համարում նոյեմբերի 9-ի հայտարարության անվերապահ կատարումը․ ռազմագերիների վերադարձը եւ «Զանգեզուրի միջանցքի» բացառումը: Իսկ հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման մասով ամրագրումը, նրա կարծիքով, կարող է Արցախի սահմանին վերաբերվել, քանի որ հղումը կատարվում է հենց նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Հայտարարությունում նշված՝ սահմանազատման-սահմանագծման գործընթացը երկկողմ հանձնաժողովով իրականացնելը՝ ՌԴ խորհրդատվական հովանու ներքո, չեն համընկել Ստյոպա Սաֆարյանի սպասելիքներին: Նա ուշագրավ է համարում, որ այս հարցում ՌԴ-ի ուղիղ մասնակցություն չկա: Բայց քանի որ քարտեզային խորհրդատվությունը իրականացնելու է ՌԴ-ն, ՌԴ նախագահն էլ, այլ պաշտոնյաներ էլ քանիցս են հայտարարել, որ 1920-ականների խորհրդային քարտեզներն իրենց մոտ են, Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ հնարավորություն կա այլ միջազգային խորհրդատվության ներգրավվելու, մանավանդ, որ իր առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԵՄ չափանիշներով սահմանազատման-սահմանագծման մասին: