Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է. Նազելի Բաղդասարյան

Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է. Նազելի Բաղդասարյան
Քաղաքականություն / Տնտեսություն
22:39, 01 декабрь 2021
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր այցելել է Ախուրյան համայնքի Կամո բնակավայր։ Բոլորովին վերջերս շահագործման է հանձնվել Շիրակ-Կամո շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհահատվածը լիարժեք կահավորված է, վերականգնվել են կամուրջները, մայթերը, կառուցվել է ջրահեռացման համակարգը։
 
«Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է, իսկ դա հնարավոր կլինի ենթակառուցվածքների զարգացմամբ։ Շիրակ-Կամո ճանապարհահատվածում աշխատանքներն իրականացվել են բարեխղճորեն, շատ կարևոր է այս փաստն արձանագրելը, ինչպես տեսանք՝ և՛ գծանշումներ, և՛ կահավորում։ Այս ամենը կարևոր նախադրյալ է համայնքների համաչափ զարգացման համար»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։
 
Մարզպետը պատասխանատուների հետ այցելել է նաև Կամոյի մանկապարտեզ, որը հիմնանորոգվել է պետություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ 49,8 մլն դրամի շրջանակներում «Շինարար» ՍՊԸ-ն իրականացրել է հիմնանորոգման, ներքին հարդարման աշխատանքներ։
 
«Կամոյի մանկապարտեզը սուբվենցիոն առաջին ծրագրերից է, որի մեկնարկը տրվել է դեռ 2018 թվականին։ Հիմա բոլոր հարմարություններով մանկապարտեզն արդեն գործում է և հնարավորություն ունի ոչ միայն Կամոյի, այլև շրջակա բնակավայրերի երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացնել լիարժեք պայմաններում»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։
 
Կամոյի մանկապարտեզն այժմ ունի 21 սան, նախատեսված է 55 երեխայի համար։