Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել. նա մինչեւ մարտի վերջը կմնա մեր երկրում.ՀԺ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել. նա մինչեւ մարտի վերջը կմնա մեր երկրում.ՀԺ
Քաղաքականություն
21:50, 09 март 2021
Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, նա այս պահին գտնվում է Հայաստանում:
ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության որոշմամբ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչը հեռացվել է պաշտոնից: Մինչ այդ տելեգրամյան աղբյուրներում լուրեր էին տարածվել, որ իբր Քլարկ-Հաթինգը լրտեսություն է իրականացրել հօգուտ Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի, որի համար էլ նրան «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն, Քլարկ-Հաթինգի հեռացման բոլորովին այլ պատճառ ներկայացրեց. «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Վերոնշյալ որոշման մասին տեղեկացել են ՄԱԿ մշտական համակարգողը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները,- ասվում էր նրա տարածած հայտարարությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Զառա Սարգսյանի հետ մեր զրույցը.

- Տիկին Սարգսյան, Կառավարությունը որոշել է դադարեցնել ձեր կազմակերպության ներկայացուցչի պաշտոնավարումը Հայաստանում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա լրտեսություն է իրականացրել եւ շտապ լքել է Հայաստանը: Ի՞նչ տեղեկություն կարող եք փոխանցել:  
- Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հարցը քննարկվել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու Կառավարության ներկայացուցիչների միջեւ ու համատեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ նա կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում մինչեւ ս.թ. մարտի վերջ: Ինքը հիմա Հայաստանում է, կլքի այս ամսվա ընթացքում: Եվ այնուհետեւ եկող շաբաթների ընթացքում սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման:
- Կա՞ արդեն թեկնածու, ձեզ հայտնի՞ է, թե ով է փոխարինելու նրան:
- Նշանակում կա, պարզապես սպասում ենք, որ ԱԳՆ-ն հաստատի: Որեւէ անուն չենք կարող ասել, որովհետեւ մինչեւ ԱԳՆ-ի հաստատումը անիմաստ կլինի: Երբ որ հաստատվի՝ կտեղադրենք մեր էջում:
- Իսկ Քլարկ-Հաթինգը «պերսոնա նոն գրատա՞» է հայտարարվել: Լրտեսության մասին լուրերը սո՞ւտ են: 
- «Պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, իսկ նման հոդվածները չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ փաստել, որովհետեւ անհիմն ինչ-որ ապատեղեկատվություններ են տարածում: ԱԳՆ-ն եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը նման բան չեն ասել:
- Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հետ կապված «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի մեկնաբանությունը ո՞րն է: Ի՞նչ է տեղի ունեցել:
- Այն, ինչ-որ ասել է Արտգործնախարարության մամուլի խոսնակը, դրան որեւէ բան ավելացնելու չունենք, հիմնվում ենք այդ հայտարարության վրա: Մենք իրեն (Քլարկ-Հաթինգին-խմբ.) միշտ ճանաչել ենք որպես պրոֆեսիոնալ անձ, ինքը մինչեւ Հայաստան գալը «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի համար աշխատել է բազմաթիվ երկրներում:
- Որեւէ քրգործ կա՞ հարուցված, տիկին Քլարկ-Հաթինգը անցնո՞ւմ է ինչ-որ գործով:
- Ոչ, ինչքանով որ ես տեղյակ եմ՝ չկա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: