Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս փոփոխությունը պայմանավորված է եղել պարոն Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու որոշմամբ»․ ԱՀ նախագահը ներկայացրել է Ասկերանի վարչակազմի նոր ղեկավարին

«Այս փոփոխությունը պայմանավորված է եղել պարոն Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու որոշմամբ»․ ԱՀ նախագահը ներկայացրել է Ասկերանի վարչակազմի նոր ղեկավարին
Քաղաքականություն / Հասարակություն
11:14, 11 февраль 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և վարչակազմի աշխատակազմին ու համայնքների ղեկավարներին ներկայացրել վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Բախշիի Ղահրամանյանին: 

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի վարչակազմի արդեն նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանին, ով հարգելի պատճառով ներկա չէր հանդիպմանը, նշել, որ չնայած պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցի՝` Սասուն Բարսեղյանը կարողացել է իրեն դրսևորել որպես արհեստավարժ ղեկավար՝ վաստակելով քաղաքացիների սերն ու հարգանքը: «Այս փոփոխությունը պայմանավորված է եղել պարոն Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու որոշմամբ: Բարձր գնահատելով նրա կատարած գործունեությունը՝ ուզում եմ նոր աշխատանքում հաջողություն մաղթել պարոն Ղահրամանյանին: Մեր հայրենիքի համար այս բախտորոշ ժամանակահատվածում պաշտոն ստանձնելը ես համարում եմ առաքելություն, և հավատացած եմ, որ միասնական աշխատանքով կկարողանանք հաղթահարել մեզ նետված ներքին և արտաքին բոլոր մարտահրավերները»,- ասել է ԱՀ նախագահը: 

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև Հանրապետությունում տիրող իրավիճակին, շրջանում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին: Նախագահն ընդգծել է, որ տեղահանված և անօթևան մնացած բնակիչների տեղավորման հարցում պետք է առավելապես օգտագործվի շրջանի առկա ներուժը՝ այս ուղղությամբ տալով մի շարք նոր հանձնարարականներ: Այնուհետև նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, տեղում քննարկել մի շարք առաջարկներ: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարներ Արամ Սարգսյանը և Հայկ Խանումյանը: