Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները

Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները
Քաղաքականություն
20:25, 06 декабрь 2021
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Mարզպետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ  հանդիպմանը խոսել է հայ-ֆրանսիական բարեկամության երկարամյա պատմության, Հայաստանի համար Ֆրանսիայի հետ առանձնահատուկ հարաբերությունների մասին։

«Այդ առանձնաշնորհ դերը ես տեսել եմ նաև նախկին աշխատանքիս ժամանակ՝ օրենսդիր մարմնում։ Ֆրանսիան մեր կողքին է եղել մեզ համար ամենադժվար օրերին, թե պատերազմական ժամանակաշրջանում, թե համավարակի հետ պայքարում, թե տասնամյակներ առաջ՝ երկրաշարժի օրերին։ Պատրաստակամությունս եմ հայտնել համագործակցության, հատկապես ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով, որը շատ եմ կարևորում և լիահույս եմ, որ մեր գործակցությունը կլինի արդյունավետ, արգասաբեր և հեռանկարային։  Ուրախալի է, որ տիկին դեսպանը ևս պատրաստակամ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը»,-նշել է Նազելի Բաղդասարյանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման բնագավառներում համագործակցության հնարավոր տարբերակներ: