Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ Բյուրոն մեջտեղից ճաքում է․ ինչու են կուսակցությունից արտաքսվել դաշնակցականները․ 1in.am

ՀՅԴ Բյուրոն մեջտեղից ճաքում է․ ինչու են կուսակցությունից արտաքսվել դաշնակցականները․ 1in.am
Քաղաքականություն
12:38, 10 март 2021
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանին, Քարմեն Օհանյանին, Լևոն Կիրակոսյանին և Կարո Իսբէնճյանին արտաքսել են կուսակցությունից:

Կուսակցության տարածած հայտարարության մեջ արտաքսման պատճառները ներկայացվել են հետևյալ կերպ․

«Մեր Հայրենիքի այս դժուարին օրերուն ներքին-կազմակերպական տագնապալի օրեր կապրի նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքին անդամ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան շրջանի կառոյցը։ Երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտօններ վարած խմբակ մը, հիմնականին մէջ՝ փառատենչութենէ տարուած, իրենց կարգ մը համախոհներով եւ որոշ այլ մոլորեալներով, Հ.Յ.Դ. Կազմակերպական կանոններու թիւր եւ կամայական մեկնաբանութիւններով խախտած են իրենց դաշնակցականի երդումը՝ «միշտ հաւատարիմ մնալ Հ.Յ.Դաշնակցութեան Ծրագրին, Կանոնագրին եւ որոշումներուն»։ Այս խմբակը ունեցած է խիստ հակակարգապահական ընթացք. ի շարս այլ հակականոնագրային քայլերու՝ «գումարած» է ապօրինի «ժողով» և «ընտրած»՝ ապօրինի «մարմին», որ ապօրինի կերպով հանդէս կու գայ «Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ» անունով, կուսակցութեան պաշտօնաթերթ «Ասպարէզ»-ը իր վերահսկողութեան տակ կը պահէ ու զաւթած է կուսակցապատկան անշարժ և շարժական գոյքեր և դրամատնային հաշիւները»։

Նշվում է, որ ՀՅԴ Բյուրոն ձեռնարկել է քայլեր՝ հաստատելու կազմակերպական կարգն ու անդորրը։

Իրավիճակը, սակայն, այլ է։ Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ևս 8 հոգի կուսակցականներ դատական գործընթացներում են: Այսօր ամբողջ ֆինանսական և անշարժ գույքը կառավարվում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի լեգիտիմ Կենտրոնական կոմիտեի կողմից, այսինքն՝ այն մարդկանց կողմից, որոնց անօրինական կերպով փորձում են հեռացնել: Երկփեղկված վիճակ է, բայց իրական ուժը գտնվում է լեգիտիմ Կենտրոնական կոմիտեի ձեռքերում, և ՀՅԴ Բյուրոն մեջտեղից ճաքում է, չի կարողանում որևէ բան անել:

Մենք տեղեկացանք, որ այս մարդիկ այլևս չեն ուզում հնազանդվել, ասում են՝ էս ի՞նչ եք անում, ինչի՞ էիք այն ժամանակ համագործակցում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, ինչո՞ւ եք հիմա կանգնում նրանց կողքին, ինչո՞ւ եք պետության դեմ գործում, ինչո՞ւ եք կռվում պետության դեմ: Իրենց մի քանի անգամ ասվել է՝ ձայններդ կտրեք, տեղներդ նստեք, իրենք դա չեն արել, ըստ կանոնակարգի՝ ընտրել են իրենց ներկայացնող Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտե: ՀՅԴ Բյուրոն անօրինական նշանակել է պատահական մարդկանց, որի արդյունքում ստեղծվել է այս իրավիճակը:

Նշվում է, որ այս գործընթացը երեկ չի սկսվել, արդեն 4 տարվա պատմություն ունի: Այսինքն՝ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն միշտ եղել է ըմբոստ և չի հասկացել, թե ինչու է ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ նախկինների հետ, ինչու է հիմա շարունակում անբարոյական քաղաքականություն վարել: Հիմա պարզապես զարգանում է իրավիճակը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում արտաքսման գործընթացը կուսակցությունից կլինի շարունակական։