Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունը խուսափում է հրապարակային և բաց քննարկումից. Սեյրան Օհանյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագիծը:

«Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը, փաստացի միակողմանի սահմանագծման և սահմանազատման գործողությունները ՀՀ  ինքնիշխանության կորստի և Արցախի իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանը և գոյությանը լուրջ սպառնալիք են»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը խուսափում է հրապարակային և բաց քննարկումից և չի կատարում ժողովրդին հաշվետու լինելու խոստումը. «Պայմանավորվածությունների մասին իմանում ենք կատարված փաստերից հետո: Մենք պետք է օգտագործենք խորհրդարանական կառավարման առավելությունները, և գործադիրը պետք է հաշվետու լինի այստեղ՝ խորհրդարանում»:

«Մենք պահանջում ենք գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային, բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն, սահմանագծման և սահմանազատման հարցերում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին, և բանակը արագ վերականգնել, սահմաններն ամրապնդել ու բարելավել ռազմավարական գործընկերների հետ մեր հարաբերությունները»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը և հավելեց, որ հայտարարությունը մեր շահերի մասին է: