Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագիծը ներքաղաքական շահարկման դաշտում է. Այդ հայտարարությունը գրել եք, որպեսզի մենք չընդունենք. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ասօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին «Հայաստան» դաշինքի հայտարարության նախագիծը:

«Մեզ համար անհասկանալի է, որ մենք սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև անվտանգային հարցերի վերաբերյալ ընդհանուր ԱԺ հայտարարության տեքստի մեջ փորձում ենք ներդնել ներքաղաքական միակողմանի ձևակերպումներ, ինչն ինքնին գրողների համար պարզ էր, որ լինելու է անընդունելի քաղաքական մեծամասնության համար»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ուստի Հայկ Կոնջորյանը նկատեց, որ բացատրությունը հետևյալն է. «Հարգելի գործընկերներ, դուք այդ հայտարարությունը գրում եք, որպեսզի մենք չընդունենք, և հետո դուք ասեք՝ այ տեսեք, քաղաքական մեծամասնությունը մերժեց անվտանգային խնդիրների վերաբերյալ մեր բերած նախագիծը: Ես համարում եմ, որ սա ներքաղաքական շահարկման դաշտում գտնվող նախագիծ է»:

Նա առաջարկեց հայտարարությունը գրելուց առաջ աշխատանքային խումբ ձևավորել և միասին գրել. «Եթե ձեր նպատակն իսկապես ներքաղաքական դաշտ տեղափոխելը չէ»:

Հայկ Կոնջորյանը հիշեցրեց նաև, որ ընդդիմությունն ինքը բոյկոտեց իր իսկ նախաձեռնած ռազմագերիների հարցով նիստը: