Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչքան պիտի ժողովրդին ներարկեք, թե դուք՝ «փրկիչներդ», պիտի ինչ-որ բաներ կանխեք. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին «պադավատապետության» վերաբերյալ, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում հիշեցրեց. «2018 թվականից սկսած՝ կառավարությունը և 7-րդ գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրճատել են ծառայողական մեքենաների ավելի քան 40 տոկոսը:

Հետևաբար մեկ ավտոմեքենայի գնումը «պադավատություն» արտահայտություն որակելը անհարիր եմ համարում, առավել ևս, որ այդ մեքենան Ալեն Սիմոնյանը իրենց տուն չի տանելու: Երբ դուք գաք իշխանության, այդ մեքենան կլինի նաև ձերը»: 

Անդրադառնալով ընդդիմության այն հայտարարություններին, թե իշխանությունը ժողովրդի հետևում բաներ է պայմանավորվում, Լուսինե Բադալյանն ասաց. «Ինչքան պիտի ներարկեք ժողովրդին, որ այս կառավարությունը ժողովրդի թիկունքում բաներ է պատրաստվում անել, և դուք՝ «փրկիչներդ», պիտի անպայման դա կանխեք: Կարծում եմ, որ սա էլ է հարգանք պետության նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչպես եք մեզ վերաբերվում»: