Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Վարդևանյանի պարզաբանումից անհասկանալի մնաց՝ ի վերջո ԱԺ ծեծկռտուքը սկսվել է երկու կողմերի փորձագետների՞ միջև ձեռնամարտից, թե՝ փորձագետների և պատգամավորների․ Տեսանյութ

Արամ Վարդևանյանի պարզաբանումից անհասկանալի մնաց՝ ի վերջո ԱԺ ծեծկռտուքը սկսվել է երկու կողմերի փորձագետների՞ միջև ձեռնամարտից, թե՝ փորձագետների և պատգամավորների․ Տեսանյութ
 
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած հերթական ծեծկռտուքից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պարզաբանումներ տվեց, թե ըստ իրենց ինչ է տեղի ունեցել։ Մասնավորապես, Արամ Վարդևանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության փորձագետների և պատգամավորների օգնականների և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Հրաչյա Հակոբյանի միջև թեթև վիճաբանություն է սկսվել ԱԺ միջանցքում, որը արագ հարթվել է։ «Մարդիկ ձեռքսեղմել են, անցել են առաջ, այսինքն՝ որևէ վեճ այդտեղ չի եղել», - ասաց Արամ Վարդևանյանը։ 

 Ապա, որոշ ժամանակ անց, ՀՅԴ պատգամավորներից մեկի օգնական Սևակի ոչ հստակ տվյալներով, Ռուբեն Ռուբինյանի աշխատակազմից ինչ-որ մեկը կանչում է աշխատասենյակ՝  սուրճ խմելու։ «Հրավիրում են նաև Գերասիմին։ Ասում են՝ արի, ուզում ենք քեզ սուրճ հյուրասիրել և այլն։ Այնտեղ է լինում նաև մեր տղաներից Տարոնը», - ասաց Վարդևանյանը։ 
 
Դրանից հետո, ըստ Վարդևանյանի, աշխատասենյակ են մտնում մոտ 20 հոգի, այդ թվում՝ պատգամավորներ և ծեծում են «Հայաստան» խմբակցության փորձագետներին և պատգամավորների օգնականներին։

 Ապա, Արամ Վարդևանյանը իր խոսքում նշեց, թե վիճաբանությունը տեղի է ունեցել երկու խմբակցությունների փորձագետների միջև։ «Ո՞նց կարա փորձագետների միջև լինի հարց,  որին գան մասնակցեն պատգամավորները»։ Հստակեցնող հարցին, թե ի վերջո, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները վիճաբանել են պատգամավորների՞, թե՞ պատգամավորների օգնականների հետ, Վարդևանյանն ասաց․ «Պատգամավորները օգնականների հետ, բայց վիճաբանություն չի եղել, եղել է ոչ հաճելի իրավիճակ, որը հարթվել է»։
 
 Հարցին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները ՔՊ պատգամավորներից որևէ մեկին «արա»-ով դիմել են, թե՝ ոչ, Վարդևանյանն ասաց․ «Որքանով որ տեղյակ եմ ամեն ինչ սկսվել է պատգամավորների կողմից նման արտահայտություն անելուց, որն էլ՝ հարթվել է»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին, հայտնել էր, որ միջադեպը ծագել է իշխանական և ընդդիմադիր կողմերի 2 օգնականների միջև։ «Հետագայում, երբ արդեն պատգամավորները դուրս են եկել միջանցք, այնտեղ արդեն իրավիճակը թեժացած է եղել», - Civic.am-ին փոխանցել էր պատգամավորը։

Ըստ նրա՝ պատգամավորները դուրս են եկել միջանցք և տեսել, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականները գոռալով հայհոյում էին Ազգային ժողովի միջանցքներում․ «Տեսել ենք, որ նրանց մեջ էին նաև մարդիկ, որոնք, ըստ մամուլի, նոյեմբերի 9-ին ներգրավված են եղել Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի և այլ խուլիգանությունների մեջ», - ասել էր Ալեքսանյանը։
 
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրվում է ԱԺ-ում այսօրվա ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում:

Վովա Հակոբյան