Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյան. «Հայաստանի համար հաղորդակցությունների բացումն ու Ադրբեջանի հետ սահմանազատումը տարբեր հարցեր են»

Մհեր Գրիգորյան. «Հայաստանի համար հաղորդակցությունների բացումն ու Ադրբեջանի հետ սահմանազատումը տարբեր հարցեր են»
Քաղաքականություն
21:18, 07 декабрь 2021
Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հետ։ Այդ մասին TACC գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։«Մենք հետևում ենք երեք երկրի ղեկավարների Սոչիի հայտարարությանը, համաձայն որի՝ պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և գործել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ ՌԴ խորհրդատվական աջակցությամբ հետագայում դրա սահմանազատման նպատակով»,- հայտարարել է Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ այդ հարցը փոխկապակցված չէ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ։

Վերջինս հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ։ «Դեռևս չի եղել այդ հարցերի վերջնական կանոնակարգման քննարկումը»,- եզրափակել է Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը ստորագրել էին հայտարարություն, որով մինչև տարեվերջ պետք է մշակվեին երկու երկրի շփման գծի սահմանազատման ու սահմանագծման մեխանիզմները։ Ռուսաստանի նախագահն այդ հանդիպումն անվանել էր օգտակար և ճիշտ ժամանակին, ինչպես նաև հույս հայտնել, որ կողմերը կհետևեն պայմանավորվածությունների պահպանմանը։

Այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում երեք երկրի առաջնորդները պայմանավորվել էին տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Այդ նպատակով էլ հենց ստեղծվել էր փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խումբը, որը, բացի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից, զբաղվելու էր նաև տնտեսական կապերի վերականգնմամբ։