Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այնտեղ, որտեղ կա հնարավորություն, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր»-ը ու «Հանրապետություն»-ը կոալիցիա կազմեն, պետք է անպայման անեն դա»․ Լյովա Եղիազարյան

«Այնտեղ,  որտեղ կա հնարավորություն, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր»-ը ու «Հանրապետություն»-ը կոալիցիա կազմեն, պետք է անպայման անեն դա»․ Լյովա Եղիազարյան
Քաղաքականություն
11:55, 08 декабрь 2021
«Այնտեղ,  որտեղ կա հնարավորություն, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր»-ը ու «Հանրապետություն»-ը կոալիցիա կազմեն, պետք է անպայման կազմեն։ Ես դրա ջատագովն ու կողմնակիցն եմ։ Դա իմ կարծիքն է»,-Civic.am-ի հետ զրույցում խոսելով ՏԻՄ ընտրություններից հետո ՔՊ-ի և «Հանրապետության» միջև հնարավոր կոալիցիաներ կազմելու մասին, ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը։     

Նա նշեց, որ տեղյակ է միայն, որ այս պահին  այդ մասով կոնսուլտացիաներ են գնում, բայց արդյունքների մասին դեռևս ոչինչ չի կարող ասել։

Նշենք, որ երկու կուսակցությունների միջև հավանական կոալիցիան հնարավոր է՝ ստեղծվի Վեդիում։ Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 7690 ձայն, «Հանրապետություն»-ը 3299 ձայն, իսկ «Իմ հզոր համայնք»-ը 8666 ձայն։  

Խոսելով նաև այն մասին, որ տարբեր շրջանակներ փորձում են խոչընդոտել հնարավոր կոալիցիաների ստեղծմանը, Լյովա Եղիազարյանն ասաց․
«20 տարի մենք դիմացել ենք ամեն բզբզոցի, բայց մեր սկզբունքները չենք փոխել, ամեն ինչ տեսել ենք,տեսել ենք և՛ խոշտանգում, տեսել ենք և՛ կալանավորում, բայց մեր սկզբունքները՝ պետության կառավարման, պետության ստեղծման, լիարժեքորեն մնալու է նույնը։ Այնպես որ ինչ էլ անեն՝ Սարգսյան Արամն իր սկզբունքների, իր գաղափարների տերն է»։

Խոսելով նաև ընտրությունների անցկացման մասին՝ Լյովա Եղիազարյանն ասաց, որ ընտրությունների ընթացքը դրական է գնահատում․
«Մենք այն սերունդն ենք, որ ինչ ասես տեսել ենք ընտրությունների ժամանակ։ Ես եղել եմ շտաբի պետ 2003-ին, 2007-ին, 2008-ին, և տեսել եմ, թե ինչ է կատարվել։ Այս ընտրություններին ժողովուրդը կարողացավ հանգիստ, առանց որևէ էքսցեսների իր կամքն արտահայտել։ Սա ժողովրդավարության հաղթանակ էր»։

Անդրադառնալով նաև ընտրություններից հետո ՀՅԴ-ի ներկայացուցիչների հայտարարություններին, թե քանի համայնքում է իշխանության թեկնածուն հաղթել, քանիսում՝ պարտվել, Լյովա Եղիազարյանն ասաց, որ դաշնակները ոչ մի տեղ չեն հաղթել, բայց հրճվում են, որ իշխանությունն ինչ-որ տեղերում պարտվել է։ 

«Նրանք ոչ մի տեղ չեն հաղթել, միայն 9 տեղամասերում են շեմը հաղթահարել»,-ասաց Լյովա Եղիազարյանը։

Լիլիթ Թադևոսյան