Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Թովմասյան, Վարդենիսը մեզ համար չափազանց կարևոր ուղղություն է, բայց Վիկտոր Համբարձումյանի թանգարան արդեն կա՝ Բյուրականում. ֆինանսների նախարար

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հերթական նիստում շարունակում է քննարկվել 2022 թվականի բյուջեի մասին նախագիծը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կարծում է, որ Վարդենիսի նկատմամբ կառավարությունը պետք է էլ ավելի մեծ ուշադրություն ցուցաբերի. «Հասնում ենք Մարտունի, Մարտունուց հետո կառավարության վերաբերմունքը կտրուկ փոխվում է Վարդենիսի նկատմամբ, և մենք ստիպված ենք լինում հաղթահարել ահռելի փոսեր»: 

Ի պատասխան ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ասաց, որ պատգամավորի կողմից բարձրացված հարցը լուծման ճանապարհին է. «733 մլն դրամի չափով միջոցներ են նախատեսված, և նախատեսվում է այդ աշխատանքն ավարտին հասցնել»:

Նախարարը վստահեցրեց, որ Վարդենիսը կառավարության համար չափազանց կարևոր ուղղություն է և որևէ ձևով անտեսված չէ. «Այստեղ նշված է, որ աշխատանքները նախատեսված են 2022 թվականի համար, սակայն եթե պարզվի, որ որևէ բան պարզաբանման սահմաններից դուրս է մնացել, մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել. բավական մեծ ծավալով ֆինանսական միջոցներ են նախատեսված 2022 թվականի ընթացքում»:

Ինչ վերաբերում է պատգամավորի առաջարկին՝ Վարդենիսում գտնվող Վիկտոր Համբարձումյանի տունը ֆինանսական ներարկումներով վերածել թանգարանի, ֆինանսների նախարարն ասաց. «Վիկտոր Համբարձումյանի թանգարանը գտնվում է Բյուրականում և կառավարության պատշաճ ուշադրության կենտրոնում է: Մեր քաղաքականությունն այն է, որ ջանքերը համատեղվեն այդ թանգարանն ավելի ներկայանալի դարձնելու ուղղությամբ»: