Քաղաքացիակենտրոն
լրատվություն

40 տոկոս մեքենա կրճատած իշխանությանը մեղադրում եք մեկ մեքենա գնելու մեջ․ Սերգեյ Բագրատյանը՝ ընդդիմությանը

«Ընդդիմությունը փոշիացման և թալանի մեջ մեղադրում է մի կառավարության, որը միայն այս տարի 400 մլրդ դրամ վերադարձնում է գործարարներին ԱԱՀ-ի տեսքով»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հերթական նիստում 2022 թվականի բյուջեի մասին նախագծի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: 

Նա ընդգծեց, որ գործարարներին ստիպում են ոչ թե հիմա, այլ 2000 թվականին, երբ Ազգային անվտանգությունը ստեղծել էր 4-րդ վարչություն, որը զբաղվում էր միայն գործարարներին նսեմացնելով, նվաստացնելով, ստրկացնելով և երկրից արտաքսելով. «Եվ հիմա հարյուրավոր գործարարներ, որոնք ՀՀ տնտեսության ողնաշարն էին, օտար երկրներում հարստացնում են օտար պետություններին: Եվ սրա պատճառը 2000 թվականի ապիկար, թալանչի իշխանությունների աշխատանքի արդյունքն է»: 

Նա հավելեց. «Այդ տխրահռչակ 4-րդ վարչության պետ Արմեն Ավետիսյանը ստիպում էր գործարարներին վաճառել իրենց տները և այդ գումարները վճարել քաղաքական վերնախավին, երբ հարցնում էինք՝ ինչն է խնդիրը, ցույց էր տալիս երկրի ղեկավարի նկարը: Սա ողջ հանրապետությունը գիտի: Ձեր ղեկավարին հարց տվեք՝ 2000 թվականի թալանի հետ կապ ունեցե՞լ է, թե՞ ոչ. եթե կապ չի ունեցել՝ մեկ ողբերգություն է, եթե ունեցել է՝ կրկնակի ողբերգություն է»:

Սերգեյ Բագրատյանը իրավապահ մարմիններին հորդորեց հստակ մեղադրանքներ առաջադրել այդ թալանի կազմակերպիչներին, ոչ թե սահմանափակվել մեկ դղյակով:

«Մի կառավարություն, որ իր քաղաքացիներին միայն 22.5 մլրդ եկամտահարկ է վերադարձրել, որպեսզի քաղաքացին կարողանա բնակարան ձեռք բերել, այդ կառավարությանը մեղադրել, թե իբր «պադավատապետություն» են հիմնել, ծիծաղելի է. 40 տոկոս մեքենաներ կրճատած կառավարությանը մեղադրում են մեկ մեքենայի գնման համար: Սա զավեշտալի է»,- ընդգծեց պատգամավորը: