Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինված ուժերի բարեփոխումները չենք ընդունել, բայց քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջեն. Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերի բարեփոխումները չենք ընդունել, բայց քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջեն. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն
13:58, 08 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հերթական նիստում շարունակում է քննարկվել 2022 թվականի բյուջեի մասին նախագիծը: 

«Մենք ունենք հետպատերազմյան ժամանակահատված, ունենք աղետալի հետևանքներ, որն արտահայտված է և՛ սահմանագծում, և՛ զինված ուժերում, և՛ ընդհանրապես անվտանգության համակարգում, և մեկ տարի է՝ խոսում ենք զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց մինչ այժմ այդ հայեցակարգը որևէ ձևով ընդունված չէ: Սակայն մենք այժմ քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջեն: Այսինքն՝ մենք չենք էլ ձևակերպել՝ ուր ենք գնում, ինչ ճանապարհով ենք գնում»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա հարց բարձրացրեց՝ կա՞ որևէ մեկը, որը գիտի, թե մենք ինչ մոդելի զինված ուժեր ենք կառուցում, համակարգը ինչպիսի՞ փոփոխությունների ենք ենթարկում և ո՞ր ուղղությամբ ենք շարժվելու, և պատասխանեց. «Որևէ մեկը չգիտի»: 

«Բանակի վերականգնման հիմքում գլխավոր խնդիրն այն է, որ ինտելեկտուալ, պոտենցիալ ունեցող մեր երիտասարդներին բերենք զինված ուժեր, բերենք ռեֆորմ անենք, բերենք էդ մարդկանց շուրջը կառուցենք էս համակարգը: Ռազմական բյուջեում որևէ բան արտացոլված չէ, կա որոշակի աճ, բայց ակնհայտ է, որ դրանք գնալու են գնաճային որևէ խնդիր փակելու ուղղությամբ: Այս բյուջեին կարելի է դեմ քվեարկել հենց միայն ռազմական բլոկը հաշվի առնելով. տարածաշրջանային սպառնալիքներին որևէ լուծում չի տրվում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը: