Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«35 համայնքներում, որտեղ ՔՊ-ն առաջադրված է եղել, ստացել է ձայների 51 տոկոսը, մենք այս ՏԻՄ ընտրություններում չենք պարտվել»․ Վահագն Հովակիմյան․ Տեսանյութ

Վահագն Հովակիմյանն անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին և ընդդիմադիր որոշ ուժերի գնահատականներին նշեց, որ ոչ բոլոր համայնքներում է ՔՊ-ն մեծամասնություն կազմել և դա ժողովրդավարության էությունն է։ Թվերը, ըստ Հովակիմյանի, հեշտ ստուգելի են և 35 համայնքներում, որտեղ ՔՊ-ն առաջադրված է եղել, ստացել է ընդհանուր ձայների մոտ 51 տոկոսը։ 

Հովակիմյանն անդրադարձավ նաև օրենքի բացերին և նշեց, որ Ընտրական օրենսգիրքը կրկին բարեփոխելու կարիք կա։ «Երբ Ընտրական օրենսգիրքը ներդրվեց, մենք արձանագրեցինք, որ բացառվում է, որ պրակտիկ կիրառության ժամանակ բացեր չառաջանան և ՏԻՄ ընտրություններից հետո պլանավորել էինք նորից անդրադառնալ օրենսգրքին, որպեսզի այդ բարեփոխումներն ամբողջացնենք», - ասաց Վահագն Հովակիմյանը։

Անդրադառնալով որոշ համայնքներում իրենց ձախողումներին, պատգամավորը նշեց, որ վերլուծել են սխալները և դրանք մեկ գործոնով չեն պայմանավորված։ 

Վանաձորում, ըստ Հովակիմյանի, նույն սխալները թույլ չեն տրվել, ինչ Գյումրիում։ 

Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախկին իշխանության ձեռքին հսկայական ֆինանսական և լրատվական ռեսուրս կա, ինչը օգտագործվում է քարոզչական նպատակներով և այդ ռեսուրսը համեմատելի չէ իշխանության ունեցած ռեսուրսի հետ, բայց նույնիսկ այս գործոնները հաշվի առնելով, ըստ Հովակիմյանի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը այս ՏԻՄ ընտրություններում չի պարտվել։

Անդրադառնալով հնարավոր կոալիցիաներին, Վահագն Հովակիմյանն ասաց, որ տարբեր համայնքներում բանակցություններ են գնում կոալիցիաներ ձևավորելու համար, բայց կբարձրաձայնեն այն ժամանակ, երբ համաձայնությունները կայացած կլինեն։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան