Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվեքննիչ պալատի ֆինանսական անկախությունը լիովին ապահովված չէ. Եղիշե Սողոմոնյան

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ներկայացված Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը:

Թեկնածուն նշեց, որ Հաշվեքննիչ պալատը օբյեկտիվ և արդյունավետ ձևով կարող է կատարել իր առջև դրված խնդիրները, եթե անկախ է աուդիտի ենթարկվող կառույցից և պաշտպանված արտաքին ազդեցությունից: «Հաշվեքննիչ պալատը պետք է գործի հնարավորինս անկախ, ֆունկցիոնալ և կազմակերպական հարցերում: Սակայն անելիքներ կան Հաշվեքննիչ պալատի անկախության ուղղությամբ»,- ընդգծեց նա և նշեց ֆինանսական անկախության անբավարարությունը:

«Այս պահին Հաշվեքննիչ պալատի ֆինանսական անկախությունը լիովին ապահովված չէ: Այն պարտավոր է ամեն տարի իր բյուջետային հայտը ներկայացնել կառավարության հաստատմանը: Հաշվեքննիչ պալատի աշխատողների աշխատանքի ընդունելու և վարձատրության գործընթացը դուրս է Պալատի վերահսկողությունից»,- նշեց նա՝ հավելելով ևս որոշ խնդրահարույց հարցեր, ու նկատեց, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: