Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողովը պարտավոր չի եղել, օրինակ, ձեր դիպլոմի իսկությունը ստուգել. ՏԿԵ նախարարը՝ Արեգնազ Մանուկյանին

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ Ռազմիկ Պետրոսյանի նշանակմանը մարզպետի պաշտոնում այն դեպքում, երբ, պատգամավորի խոսքով, նրա բարձրագույն կրթության վերաբերյալ դիպլոմը անցողիկ չէ, քանի որ դա եղել է չհավատարմագրված բուհ:

Պատասխանելով հարցին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ընդգծելով Ռազմիկ Պետրոսյանի անցած ուղին, հավելեց. «Կա պարզ ընթացակարգ. երբ որևէ մարդ պաշտոնում նշանակվում է, աշխատակազմերում կան համապատասխան վարչություններ, որոնք համապատասխան փաստաթղթեր են պահանջում: Պարոն Պետրոսյանը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, և նշանակումը կատարվել է: Կառավարության համապատասխան վարչությունները պարտավոր չեն ստուգել, թե երբ է տվյալ բուհը լիցենզիա ունեցել կամ չունեցել»:

Նախարարը հավելեց, որ եթե կան խնդիրներ, ապա դրանք իրավական տիրույթում են. «Կքննարկվեն, և կտեսնեն՝ այդպիսի խնդիր կա՞, թե՞ ոչ»:

Գնել Սանոսյանը նկատեց, որ պատգամավորներից յուրաքանչյուրը դիպլոմ է բերել, և Ազգային ժողովը պարտավոր չի եղել այդ դիպլոմների իսկությունը ստուգել: