Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այն հայտարարությունները, որ այս մահվան կուսակցության ներկայացուցիչները թույլ են տալիս, խոսում է այն մասին, որ գերիների վերադարձը իրենց օրակարգում չէ»․ Ասպրամ Կրպեյան․ Տեսանյութ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նշեց, որ այսօր հանդիպել էր ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա իրականացնող գերիների հարազատներին`լսելու վերջիններիս պահանջներն ու մտահոգությունները

Գերիների հարազատները ընդդիմադիր պատգամավորներին խնդրում էին միանալ իրենց և փակել իշխանական պատգավորների ճանապարհները, չթողնել ԱԺ-ից դուրս գալ։ Հարցին, թե միանալու՞ եք հարազատների կոչին, Կրպեյանն ասաց․ «Մենք պատրաստվում ենք իրենց կողքին գտնվել այն ձևաչափով, որով իրենք նպատակահարմար կգտնեն, և մենք այնտեղ էինք, որպեսզի լսեինք իրենց պահանջը, որպեսզի հայտնենք նաև մեր արած աշխատանքների մանրամասները»։

Կրպեյանն ասաց, որ նախկինում բազմաթիվ անգամներ ներկայացրել են այդ պահանջները իշխանությանը և պետք է օր առաջ պատասխանատու անձանց հրավիրել ԱԺ։ «Դա կլինի փակ թե բաց ձևաչափով, բայց դրան պետք է անպայման մասնակցեն գերների, անհետ կորածների հարազատները և այդ քննարկաման ընթացքում հնարավորություն տրվի, որպեսզի իրենց հուզող բոլոր հարցերը հղեն պատասխանատու անձանց։ Բնականաբար մենք ևս ունենք շատ հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանան», - ասաց Ասպրամ Կրպեյանը։

Հարցին, թե պատրաստվու՞մ են գերիների հարազատների պահանջով փակել իշխանական պատգամավորների ճանապարհները, թույլ չտալ ԱԺ-ից դուրս գալ, Ասպրամ Կրպեյանն ասաց․ «Գերիների հարազատների կողմից ընդամենը առաջարկություն եղավ նման նախաձեռնության։ Մենք, կարծում ենք, որ ԱԺ դահլիճում էլ հայտարարություններ կհնչեն, խնդրում եմ դրանց հետևել, հետո արդեն հուսով եմ առիթ կլինի ավելի մանրամասն խոսելու»։

Ասպրամ Կրպեյանն ասաց նաև, որ իշխանությունը ոչինչ չի անում գերիներին վերադարձնելու ուղղությամբ՝ վկայակոչելով Ալեն Սիմոնյանի խոսքը։

Մեր դիտարկմանը, թե նույն տեսանյութում Ալեն Սիմոնյանն ասում է նաև, որ չնայած բոլոր հանգամանքներին, ամեն ինչ պետք է անել գերիներին օր առաջ վերադարձնելու համար, Ասպրամ Կրպեյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Ալեն Սիմոնյանի որևէ խոսք, իսկ Սիմոնյանի խոսքի մեկ այլ հատվածի վերաբերյալ, ոչ թե մեկնաբանություն է արել, այլ՝ փաստել, որ Սիմոնյանը նման դիրքորոշում է հայտնել։

Ասպրամ Կրպեյանի կարծիքով հնարավոր էր խուսափել պատերազմից, հնարավոր էր նաև փոխզիջումներով խնդիրը լուծել․ «Ամեն ինչ էլ հնարավոր էր անել», - եզրափակեց Ասպրամ Կրպեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան