Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք ՀՀ ԱԺ դահլիճում ադրբեջանական նարատիվ տարածողն եք. Ես խորհուրդ եմ տալիս ձեզ դատի տալ. Վարչապետը՝ Արթուր Ղազինյանին

«Եթե ձեր տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Իրան-Հայաստան սահմանին կանգնած են ոչ ՀՀ սահմանապահները: Հետևաբար ԻԻՀ-ից դեպի Հայաստան եկող ճանապարհը միջա՞նցք է, թե՞ միջանցք չէ»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցի ասաց վարչապետ Նիկկոլ Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց, որ մենք շահագրգռված ենք կոմունիկացիաների բացման հարցում:

Արձագանքելով Արթուր Ղազինյանի՝ Ադրբեջանին առնչվող հարցին, վարչապետն ասաց. «Ես նախ ուզում եմ իմանալ, թե դուք ով եք և ում եք ներկայացնում այս դահլիճում, երբ խոսում եք ադրբեջանական տերմինաբանությամբ: Դուք ձեր այս հարցի մեջ ներկայացնում եք Ադրբեջանի Հանրապետությունը, և ես չեմ վախենա դա ասելու: Ինձ համար դա հստակ է, և միշտ էլ հստակ է եղել, որ, այո, Հայաստանում կան ազդեցության ցանցեր, և մենք բոլորս ուղիղ եթերում տեսանք այդպիսի ցանցերից մեկի գործունեության արտահայտությունը: Դուք ՀՀ ԱԺ դահլիճում ադրբեջանական նարատիվ տարածողն եք: Բայց ես զարմացած չեմ, որովհետև ձեր քաղաքական ուժի առաքելությունը ՀՀ-ում ադրբեջանական, օտար քաղաքական նարատիվներ զարգացնելն է: Ես խորհուրդ եմ տալիս ձեզ դատի տալ, և մենք առիթ կունենանք դա ապացուցելու»: