Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենի հետ զրույցը բաց էր ու կառուցողական. Պուտին

Բայդենի հետ զրույցը բաց էր ու կառուցողական. Պուտին
Քաղաքականություն
22:33, 08 декабрь 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունները գնահատել է բաց ու կառուցողական, գրում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցը շատ բաց էր, առարկայական և, ես կասեի, կառուցողական: Ամեն դեպքում՝ հուսով եմ, որ ամերիկյան կողմն այդպես է գնահատում մեր հանդիպման արդյունքները»,- ասել է Պուտինը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսում։

«Մենք հնարավորություն ունենք շարունակելու այս երկխոսությունը, ինձ թվում է, որ դա ամենակարևորն է»,- հավելել է ՌԴ նախագահը՝ նշելով, որ Ջո Բայդենի հետ քննարկել է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման, այդ թվում՝ Ուկրաինայի հաշվին, կիբերանվտանգության ոլորտում փոխգործակցության և իրանական խնդիրներին վերաբերող հարցեր։

Պուտինն ասել է, որ ինքն ու Սպիտակ տան ղեկավարը նշել են կիբերանվտանգության վերաբերյալ երկրների միջև երկխոսության առաջընթացը։ ՌԴ նախագահը հայտնել է, որ Մոսկվան մի քանի օրվա ընթացքում պատրաստելու է անվտանգության հարցերով իր առաջարկներն ու փոխանցելու է ԱՄՆ-ին։ «Սա առանձին զրույցի թեմա է, մենք պայմանավորվեցինք, որ կշարունակենք այս քննարկումը և դա անելու ենք մանրամասն։ Մոտ ապագայում կփոխանակենք մեր տեսակետներն այդ հարցի շուրջ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։