Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղվան Վարդանյանը դեմ է հայհոյանքը քրեականացնելուն․ «Ժողովրդավարության բաստիոնը ակնհայտ հարձակում է գործում խոսքի ազատության վրա»

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Խոսքը, ինչպես նշեց Վարդանյանը, ծանր վիրավորանքը քրեականացնելու նախորդ գումարման Ազգային ժողովի ընդունած նախագծում փոփոխություններ անելու մասին է։ Ըստ Վարդանյանի, այդ օրենքն ունի լրջագույն խնդիրներ Սահմանադրության հետ և իրավաչափ նպատակ չի հետապնդել, այլ նպատակը եղել է ազատ խոսքը սահմանափակելը։

Օրենքի սահմանադրականությունը Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել է Սահմանադրական դատարանում։

Աղվան Վարդանյանն ասաց, որ պետք է հայհոյանքի դեմ պայքարել ոչ թե սպառնալով որ հայհոյողը կդատապարտվի ազատազրկման, այլ օրինակ ծառայելով։ Աղվան Վարդանյանը նշեց, որ այս օրենքով Հայաստանը հետընթաց է ապրում։ «Ժողովրդավարության բաստիոնը ակնհայտ հարձակում է գործում խոսքի ազատության, մամուլի ազատության, մարդկանց՝ կարծիք արտահայտելու ազատության վրա», - ասաց Աղվան Վարդանյանը։