Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերիք է մի մարդուց խոսեք. Այսօր ամենաշատը ձեր քաղաքական շեֆն է հայհոյվում. Վիգեն Խաչատրյանը հիշեցրեց Վահան Հովհաննիսյանի՝ դալաններում ծեծելու խոսքը

«Մենք ուզում ենք ամեն ինչ թղթի վրա՞ լավ լինի, թե՞ ուզում ենք կյանքում ամեն ինչը համապատասխանի նրան, ինչ ուզում ենք թղթի վրա տեսնել»,- այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում վիրավորանքը քրեականացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հենց այնպես չէ, որ այս օրենքը փոխվել է և քրեականացվել է. «Որովհետև մարդիկ չափն անցել են: Օրենքը պետք է կրի ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ բնույթ: Մենք պիտի աշխատենք այնպես, որ պատժելու կարիք չառաջանա, մի բան, որին մենք պատրաստ չենք»:

Նա հիշեցրեց, թե 90 թվականին ինչպես զարգացավ հայհոյախոսությունը. «Այդ ընթացքում մենք օրենքով չկարգավորեցինք, այլ ծեծելով, ջարդելով մարդկանց բերանները փակվեցին: Հիշո՞ւմ եք, Վահան Հովհաննիսյանն այստեղից ասում էր՝ ձեզ դալաններում են ծեծելու: Եվ արդեն կարող էին հանգիստ ապաքրեականացնել, որովհետև հայհոյող այլևս չկար, քանի որ կծեծվեր, կջարդվեր»:

Վիգեն Խաչատրյանը նշեց, որ 2018-ից հետո նորից սկսեցին չափն անցնել. «Հայհոյանքը չափն անցել է: Ո՞նց կարելի է սա ուղղել՝ ծեծելով, ջարդելով, հաճախորդ ու դհոլ սարքելո՞վ, թե՞ օրենքով: Ընտրվել է նորմալ ճանապարհ: Պետք է մրցակցային մշակույթ մտցնել: Ասում են՝ մի մարդու եք ուզում պաշտպանել, բայց ինչ-ինչ, բայց ձեր քաղաքական շեֆին պաշտպանելու կարիք ու ցանկություն չունենք, որն ամենաշատն է այսօր Հայաստանում հայհոյվում. հերիք է մի մարդուց խոսեք, դադարեք մի մարդու սպասարկելուց: Սպասարկեք հայ ժողովրդին»: