Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պարոն Ղազինյանի միջոցով մեզ կարո՞ղ է պատասխանել, թե ով է իր նախընտրած վարչապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան

«Պսակներով, ֆեյքերով իշխանության եկածը արդեն հենց նույն կերպ էլ գնացել է, սակայն խնդիրն այն է, որ ոմանք իշխանության են եկել իրական պսակներով ու իրական դագաղներով, որոնցում նախկինում կենդանի քաղաքական գործիչների դիակներ էին, ու դրան ի պատասխան ՀՀ քաղաքացիների մի խումբ պատասխանել է դեմոնստրատիվ ակցիաներով»,- այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում վիրավորանքը քրեականացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հավելեց, թե պե՞տք է արդյոք թվարկել 98-ից հետո բոլոր քաղաքական սպանությունները:

«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասերը ուտելու պատրաստ տարբեր ֆեյքերին, ես պարբերաբար ասել եմ՝ պատկերացնում եմ այն ընդդիմադիրների դեմքը, ովքեր նստած դա գրում են՝ մտածելով, որ հետո գործընկերները գնալու են և ԱԺ-ում ասեն՝ այ, էս ա ձեր աջակիցների մակարդակը: Հո շիզոֆրենիա չի՞, ժողովուրդ, չի կարող բանական աջակցող մարդը նման բան գրել ուղղակի. էդ Արիկ Սաղաթելյանի մտքի հերթական գլուխգործոցն է, փայլատակումը»,- նշեց Վահագն Ալեքսանյանը:

Դիմելով դատախազություն դիմած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ նա հիշեցրեց Արթուր Ղազինյանի երեկվա ելույթը և հարցրեց. «Որտեղի՞ց պարոն Ղազինյանին ինֆորմացիա, որ Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու նպատակը Հայաստանում իշխանափոխությունն է, վարչապետի հրաժարականն է, և արդյոք Ադրբեջանը պարոն Ղազինյանի միջոցով մեզ կարո՞ղ է պատասխանել, թե ով է նրա նախընտրած վարչապետի թեկնածուն»: