Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր մեդիամագնատները տելեգրամյան ալիքներով հրապարակում են ամենանողկալի կեղտը. Վահագն Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանի կողմից «մեդիա-գորտին» հղում անելու մասին

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում ԶԼՄ-ների մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ այն իրավիճակին, որում հայտնվել է մեր երկրի լրատվական դաշտը:

«Գործող երկու խոշոր խաղացողները, որոնք երկուսն էլ ընդդիմադիր դաշտից են, մեկը՝ նախկին ամենաբարձրաստիճան պաշտոնյայի փեսան, մյուսը՝ նախկին ամենաբարձրաստիճան պաշտոնյան ու իր հարազատները, զբաղեցնում են Հայաստանի լրատվական դաշտի 80 կամ 90 տոկոսը: Այս պայմաններում, սակայն, այնուամենայնիվ նրանք ենթակա են ՀՀ օրենսդրությանը»,- ասաց պատգամավորը, այսինքն՝ նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել զրպարտություն կամ վիրավորանք հրապարակելու համար:

Նրա խոսքով՝ մեր մեդիամագնատները, սակայն, այլ բան են մտածել. «Բացել են տելեգրամյան չնույնականացվող ալիքներ, որոնց նույնականացումը դժվար է ամբողջ աշխարհի համար, և այնտեղ հրապարակում են ամենանողկալի կեղտը, սուտը, ապատեղեկատվությունը, զրպարտությունն ու վիրավորանքը, այնտեղից տանում են իրենց լրատվականներ ու հղում են անում ինչ-որ «մեդիա-տորթ», «մեդիա-գորտ» ալիքներին: «5-րդ չարիք» հեռուստաալիքով կարող է մի օր կարդան «մեդիա-գորտ» տելեգրամյան ալիքի հրապարակած սուտը ու զրպարտությունը»:

Նա հիշեցրեց, թե ինչպես էր միտինգներից մեկի ժամանակ Գեղամ Մանուկյանը հպարտ-հպարտ ասել. «Տելեգրամյան մեդի-գորտ ալիքի փոխանցմամբ՝ ՀՀ բոլոր զինվորական ստորաբաժանումները միացել են մեզ: Իսկ ընտրություններից հետո, տիկին Կյուրեղյան, ձեր գործընկերները բողոքում էին՝ այ, բանակը քվեարկեց այս իշխանության օգտին, բանակի պատճառով ենք մենք պարտվել»:

Գեղամ Ադյան