Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ՏԻՄ ընտրությունները ՀՅԴ-ի քաղաքական հուղարկավորությունն էին. Տիկին Կյուրեղյան, երևի ձեզ կներկայացնեն 3.6 և 50.2 տոկոսների տարբերությունը. Վահագն Ալեքսանյան

«36 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում ընդամենը 3.6 տոկոս ձայն հավաքած կուսակցության ներկայացուցիչը իր ելույթում ապոկալպտիկ տեքստեր էր ասում մի ուժի մասին, որն իբր գահավիժում է, որն իբր կործանվում է և կորցնում իր վստահությունը ՀՀ ժողովրդի շրջանում»,- այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի ելույթին:

«Սիրելի տիկին Կյուրեղյան, դուք խոսում եք մի ուժի մասին, որը նույն 36 համայնքներում հավաքել է 50.2 տոկոս քվե: Վստահ եմ, որ լավ փնտրելու դեպքում ձեր խմբակցությունում դուք կկարողանաք գտնել մի պատգամավորի, ով կկարողանա հնարավորինս մատչելի ձեզ ներկայացնել 3.6 և 50.2 տոկոսների տարբերությունը»,- նշեց Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ Իջևանում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» մրցում էր ուղիղ ՀՅԴ-ի հետ, ստացել է ընտրողների 80 տոկոս քվեն: 

«Ես վստահ եմ, որ այս ՏԻՄ ընտրությունները ՀՅԴ-ի քաղաքական հուղարկավորությունն էին»,- ընդգծեց պատգամավորը: