Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ երեկոյի դրությամբ էական խախտումներ չեն արձանագրվել․ ԿԸՀ քարտուղարը՝ ՏԻՄ ընտրությունների քվեների վերահաշվարկի մասին․ տեսանյութ

Աբովյան քաղաքն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքում արդեն երրորդ օրն է՝ թվով 25 ընտրատեղմասերում ընթանում է վերահաշվարկ։ 
Վերահաշվարկի ընթացքին հետևում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Լրագրողների հետ զրույցում վերջինս ասաց, որ էական տարբերություններ չեն եղել մինչև այս պահը։

«Մի փոքր լրացուցիչ լարվածություն կա, բայց կարծում եմ՝ արդեն անցնում է։ Վաղը, մինչև ժամը 14․00-ը բոլոր ՏԸՀ-ները պետք  վերջացրած լինեն, եթե անգամ չեն վերջացրել, պետք է դադարեցնեն իրենց վերահաշվարկի աշխատանքները։ Ընտրական օրենսգիրքը թույլատրում է մինչև այդ ժամն իրականացնել վերահաշվարկի աշխատանքները։ Դրանից հետո ԿԸՀ-ն կամփոփի բոլոր տարածքներում վերահաշվարկի արդյունքները և հաղորդագրություն կներկայացնի»,-ասաց Արմեն Սմբատյանը։

ԿԸՀ քարտուղարը նշեց, որ վերջնական արձանագրությունները ԸԸՀ-ները կստորագրեն կիրակի՝ դեկտեմբերի 12-ին, ինչպես որ ԸՕ-ն է  պահանջում և այդ նույն օրը նաև կամփոփվեն ընտրությունների արդյունքները և կկայացնեն որոշումներ ընտրությունների կայացման վերաբերյալ և թե որ քաղաքական ուժը որ համայնքում քանի մանդատ է  ստացել։

Հարցին, թե այլ ընտրատարածքներում վերահաշվարկի ընթացքում արձանագրվե՞լ են էական խախտումներ, Արմեն Սմբատյանն ասաց, որ երեկ երեկոյի դրությամբ էական խախտումներ չեն արձանագրվել։